Ակադեմիական քաղաքի սխեմատիկ գլխավոր հատակագծի նախագծման ծառայությունները ձեռք են բերվում մեկ անձից գնումով | Region

Ակադեմիական քաղաքի սխեմատիկ գլխավոր հատակագծի նախագծման ծառայությունները ձեռք են բերվում մեկ անձից գնումով

Հունվար 23,2025 16:39

Գործադիրի որոշմամբ՝ երկու ընկերություններից մեկ անձից գնում կկատարվի Ակադեմիական քաղաքի համար 

Կառավարության այսօրվա նիստում ընդունվել է որոշում, ըստ որի՝ թույլատրվել է ԿԳՄՍ  նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման շրջանակներում Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի սխեմատիկ նախագծման և համակարգման ծառայություններ ձեռք բերել մեկ անձից գնման ձևով` հատուկ և բացառիկ իրավունքի առկայությամբ պայմանավորված` «ՋիԷմՓի ինթերնեյշնլ ՋիԷմԲիԷյջ արքիթեքթս ընդ էնջինիերս» ընկերությունից։

Այս մասին հայտնում են կառավարությունից։

«Հաշվի առնելով ճարտարապետական նախագծման ոլորտում ՋիԷմՓի-ի փորձը, հեղինակությունը, ինչպես նաև այն փաստը, որ ՋիԷմՓի-ն մշակել է Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը՝ որոշվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի համար համալրված (սխեմատիկ) գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները պատվիրակել ՋիԷմՓի-ին, որը նաև իր ծառայությունների մատուցման շրջանակներում համակարգելու է քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակի մշակման ծառայություններ մատուցող ընկերության, տրանսպորտի և շարժունակության վերաբերյալ խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերության, Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հաստատման համար անհրաժեշտ փաթեթը պատրաստող տեղական նախագծային կազմակերպության և «Ակադեմիական քաղաք» ծրագրի վրա աշխատող այլ խորհրդատուների աշխատանքը։ Որոշման ընդունման արդյունքում հնարավոր կդառնա ՋիԷմՓի-ից Ակադեմիական քաղաքի համալրված (սխեմատիկ) գլխավոր հատակագծի նախագծման ծառայությունների ձեռքբերումը՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով»,-հայտնում են կառավարությունից։

Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ թույլատրվել է ՀՀ ԿԳՄՍ  նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման շրջանակներում ճարտարապետական նախագծման ծառայություններ ձեռք բերել մեկ անձից գնման ձևով` հատուկ և բացառիկ իրավունքի առկայությամբ պայմանավորված` «ՆՍԹ արքիթեքչուր ստուդիո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից։ Որոշման ընդունման արդյունքում հնարավոր կդառնա «ՆՍԹ արքիթեքչուր ստուդիո» ընկերությունից Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հաստատման համար անհրաժեշտ փաթեթի պատրաստման ծառայությունների ձեռքբերումը՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով։

 

Նորություններ