«Փաշինյանը թող պատասխան տա՝ այն սպառազինությունն ու ռազմական տեխնիկան, որը եղել է հայկական բանակի ձեռքին, ո՞ւր է այն հիմա»․Սեյրան Օհանյան

Պաշտպանության նախկին նախարարն ասում է՝ այսօր կեղծ թեզեր են դաշտ նետում, թե մեր փոխարեն ռուսներն են կռվել։ Ասաց, որ նման բան չկա, մեզ աջակցել են մեր ռազմավարական գործընկերները, բայց մարտի դաշտում եղել է հայ մարտիկը
«Մենք երբեւիցե ժանգոտած, անպիտան զենք չենք գնել, մենք երբեւիցե չենք ունեցել սպառազինություն, որն անպիտան է եղել մարտի դաշտում։ Փաշինյանը թող պատասխան տա՝ այն սպառազինությունն ու ռազմական տեխնիկան, որը եղել է հայկական բանակի ձեռքին, ո՞ւր է այն հիմա, ինչո՞ւ ինքը չկարողացավ արագ տիրապետել կառավարման հիմունքներին»,-այսօր այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց հայկական բանակի կազմավորման 33-րդ ամյակի կապակացությամբ «Եռաբլուր» այցելած պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
Հիշեցնենք, Փաշինյանն օրերս ասել է․«Մենք Արարատի դիսկուրսի ներքո չենք կարող ունենալ մարտունակ բանակ, մենք Արարատի դիսկուրսի ներքո չենք կարող ժամանակակից զենքեր գնել, Արարատի դիսկուրսի ներքո մեզ կտան օգտագործված, համարյա ժամկետներն անցած զենքեր: Ընդ որում, մի մասը կնվիրեն, մի մասը կվաճառեն, որովհետև իրենք մեկ է չէին օգտագործելու, այլ դեն էին գցելու, ինչն էլ մեզ հետ երկար տարիներ տեղի է ունեցել: Եվ այս խոսույթի ներքո մենք ամեն օր կկորցնենք մեր անկախությունը` առանց դա նկատելու, հայրենասիրական մղումներով»:
Օհանյանն ասաց, որ այսօր կեղծ թեզեր են դաշտ նետում, թե մեր փոխարեն ուրիշներն են մեր բանակը կառուցել, մեր փոխարեն ռուսներն են կռվել․«Այսպիսի բան չկա։ Մեզ աջակցել են մեր ռազմավարական գործընկերները, մեզ աջակցել են մեր հարևանները, բայց ռեալ մարտի դաշտում, գործողությունների մեջ եղել է հայը, հայ մարտիկը, հայ ժողովուրդն է կառուցել բանակը»։
Անդրադառնալով «խաղաղության օրակարգին», Օհանյանն ասաց, որ այն խաբկանք է, իրականում հակամարտությունն ավելի է խորացել, քանի որ Արցախը հայաթափվել է, Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվել է ցեղասպանություն․« Իսկ հակառակորդի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր հռետորաբանությամբ չի ձգտում խաղաղության, այլ նորանոր ճնշումներ են գործադրում հայ ժողովրդի վրա»։
Անդրադառնալով Տավուշում սահմանազատմանն, Օհանյանն ասաց․ «Այն, ինչ անցած տարի իրականացվեց, դա ապօրինի եւ միջազգային բոլոր սկզբունքներին հակառակ իրականացված միակողմանի ոչ թե սահմանազատում էր, այլ մեր ինքնիշխան տարածքներից հողերի հանձնում էր։ Փոխարենը մենք ոչինչ չստացանք»։
Նրա կարծիքով՝ եթե այս անգամ եւս Տավուշից են սկսում այդ գործընթացը, դա նշանակում է, որ այդ ամենը մեզ պարտադրվում է․«Հակառակ դեպքում մենք կարող էինք սկսել այլ տարածքներից, որտեղ հակառակորդը շուրջ 240 քառակուսի կիլոմետր գտնվում է մեր տարածքում ու չի էլ ուզում դուրս գալ»։
Բանակի կազմավորման օրվա առիթով էլ Օհանյանն ասաց՝ մեր բանակը փառավոր ճանապարհ է անցել, այն ձևավորվել է հայ ժողովրդի համար շատ բարդ, օրհասական, դժվարագույն պահին, երբ մենք կերտում էինք Հայաստանի անկախությունը, Արցախի ինքնորշումը՝ շրջափակման, մեզ պարտադրված պատերազմի երկրաշարժի պայմաններում․«Բայց Հայսսատան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շնորհիվ մենք կարողացանք կերտել բանակը, կարողացանք ունենալ հաղթանակներ։ Կարծում եմ՝ բանակը մեր ժողովրդի համար անվտանգության երաշխավորն է եղել, տարիներ ի վեր պատվով կատարել է իր առջև դրված խնդիրները։ Ժողովուրդը եթե ոտքի կանգնի, մենք մեր բանակի երբեմնի փառքը կարող ենք վերականգնել, և մեր բանակը իր հուժկու հարվածը տալու է մեր հայրենիքի պաշտպանության համար»։