«Պետք է լինի հարմարավետ և ազատ անցում Ադրբեջանից դեպի Ադրբեջան՝ առանց որևէ ստուգումների և խոչընդոտների»․Ալիևը կրկին պահանջներ է ներկայացրել Հայաստանին

Ադրբեջանի նախագահը խոսել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին, ասելով՝ այդ նախագիծն առանց Ադրբեջանի գրոշի արժեք չունի
Ալիևը կրկին պահանջներ է ներկայացրել Հայաստանին և կրկին խոսել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի « մասին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տրանսպորտային հարցերով նիստի ժամանակ ասել է՝ Բաքվի հեղինակած «Զանգեզուրի միջանցք» նախագիծը մի քանի տարվա ընթացքում դարձել է միջազգային եզրույթ, աշխարհում ընդունված արտահայտություն։ Ադրբեջանը «գործնական քայլեր է ձեռնարկում այդ միջանցքի բացման ուղղությամբ։ Իսկապես, հայկական կողմն արդեն ավելի քան չորս տարի է՝ ոչ կառուցողական դիրքորոշում է ցուցաբերում այս հարցում և փաստացի չի կատարում նոյեմբերի 10-ի կապիտուլյացիայից հետո իր պարտավորությունները»։
Ալիևն ասել է, որ այդ փաստաթղթում նշված է՝ պետք է տրանսպորտային կապ լինի Ադրբեջանի հիմնական մասի և նրա անբաժանելի մասի՝ Նախիջևանի միջև։
«Հայաստանը պարտավորությունները կատարելու փոխարեն ցանկանում է խեղաթյուրել միջազգային հանրության կարծիքը՝ օգտագործելով տարատեսակ արդարացումներ, ստեղծելով տարատեսակ անիրական ու անիմաստ նախագծեր, զբաղվում մանիպուլյացիաներով»,-ասել է Ադրբեջանի նախագահը։
Ալիևի խոսքով՝ «Բաքուն Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի, բայց Հայաստանը պետք է կատարի իր պարտականությունները և անխափան անցում ապահովի Ադրբեջանից դեպի Ադրբեջան։ Պետք է լինի հարմարավետ և ազատ անցում Ադրբեջանից դեպի Ադրբեջան՝ առանց որևէ ստուգումների և խոչընդոտների»:
Նա Հայաստանի իշխանության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին էլ ասել է՝ «այդ նախագիծն առանց Ադրբեջանի գրոշի արժեք չունի, ինչի մասին տարբեր խողովակներով հայկական կողմին բազմիցս հասկացնել են տվել։ Եթե դուք իսկապես ցանկանում եք իրականացնել այդ նախագիծը, ապա դուք նախ պետք է դիմեք Ադրբեջանին, որովհետև առանց մեզ այն ընդամենը թղթի կտոր է, իսկ մեր պայմաններն արդար են, հիմնված միջազգային իրավունքի և հենց Հայաստանի ստանձնած պարտավորությունների վրա»։
Նշենք․ որ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակմանը դեմ չէ, սակայն ճանապարհների ապաշրջափակումը պետք է լինի երկրների ինքնիշխանությունների պահպանմամբ։