70-ամյա արցախցի Ղարիբ Բաբայանի հրապարակած տեքստն ատելություն չէ միջազգային որևէ չափանիշով | Region

70-ամյա արցախցի Ղարիբ Բաբայանի հրապարակած տեքստն ատելություն չէ միջազգային որևէ չափանիշով

Փետրվար 02,2025 10:47

Երևանի Հանրապետության հրապարակում մի խումբ իրանցիների (ծագումով ադրբեջանցիներ) մասնակցությամբ տեսանյութը, որտեղ այդ անձինք «Գարաբաղ» երգ են երգում, տարածել է արցախցի Ղարիբ Բաբայանը, որը երեկ ձերբակալվել էր, որից հետո դատարանը նրան կալանավորելու հարցն է քննել։

Հանրապետության հրապարակում ադրբեջանական երգ երգող անձանց տեսանյութը տարածած Ղարիբ Բաբայանի կալանքի միջնորդությունը դատարանը մերժեց, նա ազատ արձակվեց:

Նրա  նկատմամբ այս քրեական հետապնդումը մի խումբ իրավապաշտպանների, քաղաքացիների դժգոհությունն է հարուցել։

Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը սոցիալական ցանցում  գրում է, որ  Ղարիբ Բաբայանի նկատմամբ մեղադրանքը, իբր թե «ադրբեջանցիների դեմ անհանդուրժողականություն է հրահրել» սին, ապօրինի ու անբարոյական մեղադրանք է․«Ուրեմն, էս ապազգային իշխանությունները փոխանակ քրեական հետապնդում սկսեն Ղարիբ Բաբայանի հրապարակած տեսանյութում երևացող ադրբեջանցիների դեմ, որոնք թշնամանք հրահրող ու մեր ազգային արժանապատվությունը վիրավորող երգ են ոռնացել Երևանի հրապարակում, որոշել են եղելությունը ցուցադրող տեսանյութը հրապարակած անձին դատապարտել:

Որպես այդ ադրբեջանական սադրանքից և իրավապահ մարմինների անգործությունից ու ապօրինի գործողություններից վիրավորված արժանապատվություն ունեցող ՀՀ քաղաքացի և այդ ադրբեջանցիների կողմից հրահրված թշնամանքի թիրախ՝ պահանջում եմ ԱԱԾ-ից ու ՔԿ-ից՝ կարճել այդ խայտառակ քրեական գործը Ղարիբ Բաբայանի դեմ և հարուցել նոր քրեական գործ տվյալ տեսանյութում երևացող անձանց դեմ:

Հ.Գ. Թող ոչ ոք հեքիաթներ չպատմի, թե դրանք Իրանի քաղաքացիներ էին կամ տեսանյութը մեկ ամսվա հնության է. այդ երկու հանգամանքներն էլ որևէ կերպ չեն փոխում եղելությունը և իրավական գնահատականը: Ղարիբ Բաբայանը չէր կարող իմանալ և չի հրապարակել Իրանի քաղաքացիության հանգամանքը՝ պարզապես ընդգծելով նրանց ադրբեջանական ծագումը՝ լեզվի հիման վրա: Իսկ տեսանյութն իրականությունն է արտացոլել, որտեղ ճիշտ կլիներ նշել նաև նկարահանման օրը, որը, սակայն, միայն տեղեկատվական բացթողում է, սակայն ոչ երբեք քրեական հետապնդման հիմք»:

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն էլ  գրում է․«Քննչական կոմիտեի տեքստը Հանրապետության հրապարակից տեսանյութի կապակցությամբ ամբողջությամբ անօրինական պրակտիկայի մասին է: Դա քաղաքական իշխանությունների պաշտպանի տեքստ է:

Այս գործն օգուտ է Հայաստանի դեմ ադրբեջանական քարոզչությանը, պաշտպանում է ադրբեջանական կեղծ թեզերը հայ ժողովրդի ու Հայաստանի նկատմամբ: Դեռ մարդուն էլ ապօրինաբար կալանքի են տանում ու հայտարարում, թե հարուցված քրեական հետապնդումը իշխանությանը և իրավապահ մարմիններին քննադատելու համար է: Սա ամբողջությամբ անօրինական, հակասահմանադրական է:

70-ամյա արցախցի Ղարիբ Բաբայանի հրապարակած տեքստն ատելություն չէ միջազգային որևէ չափանիշով: Դա տեղին հարցադրումներով քննադատական խոսք է»:

 

Նորություններ