Խուլիգանություն Մետրոպոլիտենում. օտարերկրյա հինգ քաղաքացի ձերբակալվել է սահմանը հատելիս | Region

Խուլիգանություն Մետրոպոլիտենում. օտարերկրյա հինգ քաղաքացի ձերբակալվել է սահմանը հատելիս

Փետրվար 03,2025 11:43

«Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» երթևեկող գնացքը   արտակարգ կանգառ է կատարել

Փետրվարի 1-ին, ժամը 21.32-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» և «Հանրապետության հրապարակ» կայարանների միջակայքում` բաց հատվածում, դիմակավորված անձինք ներկ են փչում գնացքի վագոնների վրա։ Րոպեներ անց կրկին ահազանգ է ստացվել, որ նույն անձինք քարեր են նետում գնացքի ուղղությամբ և թույլ չեն տալիս, որ այն շարժվի: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նախ աշխատեցրել են գնացքի «վթարային կանգառ» բռնակը, իսկ շարժակազմի կանգառից հետո կայարանների միջանկյալ հատվածից, պատը մագլցելով, վազել-մոտեցել են մի խումբ անձինք և ներկելու միջոցով վնասել ուղևորներով ընթացող գնացքի վագոնները:

Պարզվել է կատարողների ինքնությունը։

Համայնքային ոստիկանության Մետրոպոլիտենի բաժնի ծառայողներն իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ ԱԱԾ և Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցների հետ, խուլիգանության կասկածանքով ձերբակալել են Բագրատաշենի սահմանային անցակետը հատել փորձող հինգ օտարերկրացու:

Ձերբակալվածներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Այսօր Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցութան ժամանակ Երեւանի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը պատմեց որ «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» երթևեկող գնացքը   արտակարգ կանգառ է կատարել, քաղաքացին գնացքի մեջ սեղմել է «STOP» կոճակը, որը գնացքն արգելակում է․« Մինչեւ մեքենավարը դիսպետչերին զեկուցել է դրա մասին, այդ ընթացքում 4-5 հոգի պատից անցել են, այդտեղ բաց տարածք է, և ներկել են գնացքները։ ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել»։

Նորություններ