Ֆրանսիայի ՏԻՄ ներկայացուցիչները այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Փետրվար 03,2025 21:31
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հրավերով Հայաստան ժամանած Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները փետրվարի 2-ին այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչների ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ փոխտնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:
Ֆրանսիայից ժամանած հյուրերը ծաղկեպսակ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո պատվիրակության անդամները գրաումներ կատարեցին Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Նորություններ
Ժամը 20:00-ին փակվել են բոլոր 317 ընտրական տեղամասերը. մեկնարկել է ձայների հաշվարկը
20:32 29-11-2026
Հայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականում
18:18 28-11-2026
