Կառավարության որոշմամբ խոշոր ջերմատներ հիմնելու համար կարելի է պետական սուբսիդավորմամբ վարկ ստանալ առավելագույնը 15 մլրդ դրամի չափով | Region

Կառավարության որոշմամբ խոշոր ջերմատներ հիմնելու համար կարելի է պետական սուբսիդավորմամբ վարկ ստանալ առավելագույնը 15 մլրդ դրամի չափով

Փետրվար 06,2025 15:00

Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում. առաջարկվող փոփոխության  նպատակն է գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շրջանակում մշակել միասնական/համանման քաղաքականություն` նպաստելով գյուղատնտեսության մեջ խոշոր և արտադրողական տնտեսությունների հիմնմանը։

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Մասնավորապես՝ ինտենսիվ այգեգործության ծրագիրը նպաստում է մինչև 500 հա այգեհիմնմանը՝ 1 տնտեսավարողին աջակցելով շուրջ 15 մլրդ դրամի վարկավորմանը։ Գործող ջերմատնային տնտեսություններին աջակցության ծրագրով տրամադրվող աջակցությունը նպաստում է շուրջ 4-5 հա ջերմատների հիմնմանը (տրամադրվում է առավելագույնը 3 մլրդ դրամի վարկ), ավելի խոշոր ներդրումային ծրագրեր իրականացնող շահառուների համար գործող աջակցության գործիքը հնարավորություն չի տալիս։

Փոփոխությամբ հնարավորություն է ստեղծվում խոշոր ջերմատնային տնտեսությունների հիմնում իրականացնող շահառուին հնարավորություն տալ ձեռք բերելու առավելագույնը 15 մլրդ դրամի սուբսիդավորվող վարկ, որով հնարավորություն կտրվի հիմնելու շուրջ 20 հա ջերմատուն։ Ընդ որում, տրամադրված վարկի մինչև 3 մլրդ  դրամ գումարի մասնաբաժինը կսուբսիդավորվի 10 տոկոսային կետով, 3-ից 9 մլրդ ՀՀ դրամի մասնաբաժինը՝ 9 տոկոսային կետով, իսկ 9-ից 15 մլրդ դրամի մասնաբաժինը՝ 8 տոկոսային կետով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նույն շահառուն կարող է դիմել տարբեր ֆինանսական կառույցների և մինչև 3 մլրդ դրամի վարկ ստանալու և առավելագույն 10 տոկոսի չափով սուբսիդավորվելու հայտ ներկայացնի, նախագծում դրվել է պայման, որ վարկի առավելագույն հանրագումարի շրջանակում յուրաքանչյուր շահառու պետք է վարկավորվի միայն մեկ ֆինանսական կառույցի կողմից: Սա հնարավորություն կտա, որպեսզի ապահովվի ըստ վարկի մասնաբաժինների տոկոսադրույքների սուբսիդավորման չափաքանակները: Միաժամանակ, ջերմատան նախագծման ծախսերը հանվել են ջերմատների կառուցման ծախսերի միջինացված հաշվարկի աղյուսակից, հստակեցվել են կապալառուի հետ շահառուի հարաբերությունները, ինչպես նաև վարկի տրամադրման պայմանները։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշել՝  ՀՀ-ում առկա է շուրջ 1500 հեկտար ջերմոց և ջերմատուն, որից ժամանակակից տեխնոլոգիաներով է գործում ավելի քան 250 հեկտարը: «2019-2024 թթ. ջերմատնային տնտեսությունների աջակցության ծրագրերի շրջանակում հաստատվել է 56 հեկտար ջերմատուն հիմնելու հայտ, որից միայն ՀՀ ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի շրջանակում 2024 թ.՝ 15,3 հեկտար: Ծրագրի թիրախային ցուցանիշ է սահմանված մինչև 2026 թ. ավարտը՝ 35 հեկտար ժամանակակից տեխնոլոգիաներով ջերմատների հիմնում»,- ասել է նախարարը:

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ 2023 թ. 1167 հեկտար ջերմատնից և ջեմոցներից հավաքվել է շուրջ 96 հազար տոննա բանջարեղեն, 45 հեկտարից՝ 2200 տոննա հատապտուղ, 190 հեկտարից՝ մոտ 101 մլն հատ ծաղիկ: ՊԵԿ-ի  տեղեկատվության համաձայն՝ 2023 թ. արտահանվել է շուրջ 74,4 մլն դոլարի ջերմատան արտադրանք, 2024 թ.՝ արդեն 118,5 մլն դոլարի արտադրանք: «Հիմա ես ապրանքատեսակները կնշեմ, այդ ապրանքատեսակների գծով արտահանման աճը  կազմել է շուրջ 60 տոկոս: Մասնավորապես՝ 40 մլն հատ և 1,8 հազար տոննա ծաղիկ է արտահանվել 2023 թ., իսկ 2024 թ. 55 մլն հատ և 2,1 հազար տոննա: 30 հազար տոննա բանջարեղեն արտահանվել է 2023 թ., արդեն 2024 թ.՝ 40 հազար տոննա բանջարեղեն: Եթե 2023-ին 2000 տոննա հատապտուղ էր արտահանվել, ապա 2024-ին՝ 2,2 հազար տոննա: Ինչպես տեսնում ենք, բոլոր ուղղություններով ունենք շատ բարձր աճ»,- ասել է Գևորգ Պապոյանը:

 

Նորություններ