«Ալեն Սիմոնյանը փորձել է նվաստացնել Արցախի ժողովրդի հերոսական պայքար»․Սամվել Շահրամանյանը պահանջում է, որ ԱԺ նախագահը ներողություն խնդրի | Region

«Ալեն Սիմոնյանը փորձել է նվաստացնել Արցախի ժողովրդի հերոսական պայքար»․Սամվել Շահրամանյանը պահանջում է, որ ԱԺ նախագահը ներողություն խնդրի

Փետրվար 12,2025 12:11

Շահրամանյանը հայտարարում է՝ արցախցին արել է իրենից կախված ամեն բան, որ շարունակի ապրել պատմական հայրենիքում, սակայն, կռիվը չի տարվում միայն մարտի դաշտում, այլև քաղաքական ու դիվանագիտական ճակատներում, որի առաջնագծում է նաև Ալեն Սիմոնյանը

Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը դատապարտում է Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները, ու պահանջում է, ԱԺ նախագահը հրապարակային ներողություն խնդրի Արցախի տեղահանված ժողովրդից:

Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Հիշեցնենք, երեկ, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ, արցախցի լրագրողի հարցին ի պատասխան ասել է․«Դուք երբ որ դուրս եկաք ըտեղից, դուրս եկաք ըտեղից, որովհետև անվտանգ չէր: Չնայած կարելի էր մնալ և պայքարել մինչև վերջ, բայց դուրս եկաք։ Էն զենքերով ([պայքարել), որը որ Հայաստանի Հանրապետությունը իրա ամբողջ բանով թողել և տվել էր»։

Ալեն Սիմոնյանը նաև ասել է՝ պետք էր կռվել, Հայաստանը կռվել է․«Բերեցիք հաճո իշխանություն, ով օրեր անց ստորագրեց այդ պետության վերացման մասին»։

Այս առնչությամբ Սամվել Շահրամանյանի հայտարարության մեջ ասված է․«Այս հայտարարությամբ Ալեն Սիմոնյանը փորձել է նվաստացնել Արցախի ժողովրդի հերոսական պայքարն ավելի քան 9-ամսյա պաշարման և դրանից հետո վրա հասած լայնածավալ ռազմական գործողությունների ժամանակ:

Սամվել Շահրամանյանը հարկ է համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ արցախցին արել է իրենից կախված ամեն բան, որ շարունակի ապրել պատմական հայրենիքում, սակայն, կռիվը չի տարվում միայն մարտի դաշտում, այլև քաղաքական ու դիվանագիտական ճակատներում, որի առաջնագծում է նաև Ալեն Սիմոնյանը, ով տարբեր ժամանակահատվածներում, ելնելով քաղաքական և այլ նպատակահարմարությունից, Արցախի և Հայաստանի համար կարևորագույն հարցերում փոխել է իր կարծիքն ու դիրքորոշումը:

Արցախի իշխանությունները ոչինչ չեն խնայել, որ հայրենիքը պաշտպանած զինծառայողներն իրենց միայնակ չզգան և ռազմական գործողությունների դադարից հետո կարողանան անվնաս դուրս գալ զբաղեցրած դիրքից կամ շրջափակումից:

Արցախի Հանրապետության նախագահը պահանջում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից՝ հրապարակային ներողություն խնդրել Արցախի տեղահանված ժողովրդից և զերծ մնալ արցախցիների պայքարն ու հայրենիքի պաշտպանությունը սակարկման ենթարկող որևէ գնահատականից՝ միաժամանակ մեկնաբանել սեփական հայտարարությունը, թե ով և ում էր զանգում Արցախից ու խնդրում բացել այսպես կոչված սահմանը:

Հաշվի առնելով արցախցիների շրջանում Ալեն Սիմոնյանի հայտարարության լայն բացասական արձագանքը՝ Սամվել Շահրամանյանը հորդորում է պառակտիչ և վտանգավոր հայտարարությունների փոխարեն ՀՀ Ազգային ժողովի բարձր ամբիոնն օգտագործել արցախահայության գոյաբանական խնդիրների լուծման համար, ամբողջ էներգիան ու ջանքերն ուղղել արցախցի քույրերին և եղբայրներին առաջարկվող բնակարանային ապահովման տապալված ծրագրի վերանայմանը և բավարար պայմաններ ստեղծել, որ արցախցիները մնան Մայր Հայաստանում»:

 

 

Նորություններ