Մարտուն Գրիգորյանը մասնակցելու է Գյումրու քաղաքապետի ընտրություններին | Region

Մարտուն Գրիգորյանը մասնակցելու է Գյումրու քաղաքապետի ընտրություններին

Փետրվար 12,2025 15:15

Մի քանի գործիչներ ու կուսակցություններ արդեն հայտարարել են, որ մասնկացելու են Գյումրու քաղաքապետի ընտրություններին

 

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը մասնակցելու է Գյումրու քաղաքապետի ընտրություններին։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Մարտուն Գրիգորյանը։

Լրագրողի դիտարկմանը, որ մամուլը գրում է, որ Մարտուն Գրիգորյանը «Հայրենիք» կուսակցությունով է մասնակցելու ընտրություններին, պատգամավորը պատասխանեց ․«Թե ինչ ձևաչափով եմ մասնակցելու, մի քանի օրից կասեմ»։

Նա վստահեցրեց․ «Ես առաջադրելու եմ իմ թեկնածությունը, մի քանի օրից հստակ կասեմ մասնակցության ձևաչափը։ Բոլորի հետ էլ բանակցություն կա»։

Հարցին՝ իշխանության հե՞տ էլ, նա պատասխանեց․ «Իշխանության հետ ոչ մի բանակցություն, համագործակցություն չկա։ Այդ փաստն արդեն երևի վեց տարի է՝ նաև խորհրդարանում իմ աշխատանքով եմ ապացուցել, որ բացառվում է իշխանության հետ համագործակցությունը»։

Գրիգորյանը վստահեցրեց՝ որևէ քաղաքական ուժ իրեն չի պարտադրել, առաջադրվելու որոշումն իրենն է։

Հարցին՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ լարվածությունը պահպանվո՞ւմ է, Գրիգորյանը չցանկացավ պատասխանել, միայն ասաց․«Ոչ մի անձնական խնդիր չկա։ Քաղաքապետի ընտրություններ են, գնում ենք քաղաքապետի ընտրությունների»։

Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանն արդեն հայտարարել է Գյումրու քաղաքապետի ընտրություններում իր առաջադրման մասին:

ՔՊ-ից Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտանակատար Սարիկ Մինասյանն, ըստ ամենայնի, լինելու ՔՊ ընտրացուցակի առաջին համարը:

Անդրանիկ Թևանյանի, Սուրեն Սուրենյանցի ուժերն էլ հայտարարել են մասնակցության մասին:

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն էլ հայտարարել է, որ որոշել է մտնել ընտրապայքարի մեջ` հետաքրքիր թիմակիցներով

Նորություններ