«Հայաստանն իրացնում է իր սուվերեն իրավունքը եւ զարգացնում իր պաշտպանական կարողությունները»․ԱԳ փոխնախարար | Region

«Հայաստանն իրացնում է իր սուվերեն իրավունքը եւ զարգացնում իր պաշտպանական կարողությունները»․ԱԳ փոխնախարար

Փետրվար 13,2025 14:26

ՀՀ արտաքին գերատեսչության փոխնախարարն անդրադառնալով Բաքվի՝ այսպես կոչված միջանցքի մասին հայտարարություններին, նշում է՝ դրանք միտված են տարածաշրջանում էսկալյացիոն ֆոնի ապահովմանը, ՀՀ-ն չի տրվելու նման սադրանքների

Հայկական կողմը բավականին երկար ժամանակ է՝ ինչ սպասում է ադրբեջանական կողմի արձագանքին՝ «Խաղաղության պայմանագրի» շուրջ ՀՀ-ի ներկայացրած առաջարկների վերաբերյալ։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։

«Հույս ունենք, որ դա կարճ ժամանակում կստանանք պատասխան»,-ասաց ԱԳ փոխնախարարը։

Նրա խոսքով՝ Հայաստանը շարունակում է կառուցողական տրամադրված լինել ու ներգրավված լինել բանակցություններին։

Ադրբեջանի իշխանությունների՝ այսպես կոչված միջանցքի վերաբերյալ հայտարարությունների առնչությամբ էլ փոխնախարարն ասաց․ «Այդ մասին ՀՀ բարձրագույն ղեկավարությունն արդեն քանիցս պաշտոնապես արձագանքել է։ Վարչապետի վերջին հոդվածն էլ  վստահաբար տեսել եք։ Նման հայտարարությունները միտված են տարածաշրջանում էսկալյացիոն ֆոնի ապահովմանը։ ՀՀ-ն չի տրվելու նման սադրանքների, եւ մենք շարունակելու ենք գործնական տրամադրված լինել»։

Լրագրողի հարցին՝ եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա և փորձի ուժով վերցնել միջանցքը, ՀՀ-ն դիտարկո՞ւմ է այդ տարբերակը, Կոստանյանը պատասխանեց՝Հայաստանի հանրապետությունն իրեն հասու ողջ գործիքակազմով՝ դիվանագիտական, եւ ոչ միայն, պիտի պաշտպանի իր տարածքային ամբողջականությունը։

Նրա ներկայացմամբ՝ ՀՀ-ն  իրացնում է իր սուվերեն իրավունքը եւ զարգացնում է իր պաշտպանական կարողությունները․«Ինչպես նախկինում նշվել է, մենք մեր հարեւաններից որեւէ մեկի նկատմամբ հարձակվողական բնույթի գործողություններ իրականացնելու մտադրություններ չունենք։ Ինչ վերաբերում է զինատեսակների մրցավազքին, որին ականատես ենք լինում տարածաշրջանում, այս խնդրի հասցեագրման ուղղությամբ ՀՀ-ն Ադրբեջանին առաջարկել է ստեղծել փոխադարձ սպառազինությունների վերահսկման մեխանիզմ։ Մեր այս առաջարկն ուժի մեջ է մնում»։

Նորություններ