Այս պահին կարիք չկա հեռավար դասավանդման անցնելու․սուր-շնչառական վարակների բնկման շրջանում չենք․նախարար | Region

Այս պահին կարիք չկա հեռավար դասավանդման անցնելու․սուր-շնչառական վարակների բնկման շրջանում չենք․նախարար

Փետրվար 13,2025 15:45

Առողջապահության նախարարը վստահեցնում է՝ նախորդ շաբաթվա, նաև 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ սուր-շնչառական հիվանդացության ցուցանիշը ցածր է՝ 1,1 անգամ

Հանրապետությունում սուր-շնչառական վարակ է տարածված, հատկապես անչափահասների շրջանում։ Շատ ծնողներ դժգոհում են, որ առողջ երեխային ուղարկում են դպրոց, նա տուն է վերադառնում վարակով, ապա վարակի շղթան փոխանցում ընտանիքի անդամներին։

Բազմաթիվ ծնողներ հարց են բարձրացնում՝ արդյոք հնարավո՞ր չէ ժամանակավոր անցում կատարել հեռավար դասվանդման, դասերն անցկացնեն առցանց եղանակով։

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վստահեցրեց՝ վերջին 2-3 շաբաթը նույն իրավիճակն է՝ տվյալ սեզոնին համահունչ․«Լարված, բայց չեմ կարող ասել, որ բռնկման շրջանում ենք»:

Նրա խոսքով՝ համագործակցելով ԿԳՄՍ նախարարության հետ՝ դպրոցներում իրականացվում է մշտադիտարկում, որպեսզի պարզեն, թե որքանով են բացակայությունները կապված սուր շնչառական վիրուսների տարածման հետ։

Նախարարը հայտնեց, որ կան հստակ մեխանիզմներ, թե որ դեպքերում պետք է անցնել հեռավար ուսուցման կամ ժամանակավորապես դպրոցների աշխատանքը դադարեցնեն․«Ադ ընթացակարգերի համաձայն՝ եթե կարիքը լինի, միանշանակ, մենք կգնանք դրան։ Այս պահին նման կարիք չկա»։

Նա վստահեցրեց՝ նախորդ շաբաթվա, նաև 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ սուր-շնչառական հիվանդացության ցուցանիշը ցածր է՝ 1,1 անգամ։

Նորություններ