Անվճար լողի պարապմունքների պետական դրամաշնորհի մրցույթում 9 լողավազաններից շահել է միայն Արագած համայնքի լողավազանը | Region

Անվճար լողի պարապմունքների պետական դրամաշնորհի մրցույթում 9 լողավազաններից շահել է միայն Արագած համայնքի լողավազանը

Փետրվար 13,2025 16:46

Կառավարության որոշմամբ՝ յուրաքանչյուր տարի լողավազաններում լող մարզաձևով կզբաղվեն յուրաքանչյուր լողավազանում դպրոցահասակ երեխաների 2 տարիքային 3-ական խումբ

Գործադիրն այսօրվա նիստում ընդունել է որոշում պակայմանավորված՝ հանրապետության մարզերի լողավազաններում նախատեսվածից շատ դպրոցահասակ երեխաներին լողի անվճար ուսուցման ծրագրում ընդգրկելու ցանկությամբ, ինչպես նաև մարզերում լող մարզաձևի մասնագիտական կրթություն ունեցող մարզիչ-մանկավարժների  սակավությամբ։

Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հիմնավորման համաձայն՝  2024-2025 թթ. փորձնական ծրագիրը նախատեսվում էր իրականացնել հանրապետությունում գործող լողավազաններից 9-ում՝ այդ թվում Կապանում և Էջմիածնում երկուական, մեկական Վանաձորում, Մեծամորում, Հրազդանում, Իջևանում և Ապարանում, սակայն 2024 թ. նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթը շահել է միայն Արագածոտնի մարզի Արագած համայնքի լողավազանը: Որոշմամբ՝ յուրաքանչյուր տարի լողավազաններում լող մարզաձևով կզբաղվեն յուրաքանչյուր լողավազանում դպրոցահասակ երեխաների 2 տարիքային 3-ական խումբ՝ 1-ին տարիքային խմբում կընդգրկվեն 8-12 տարեկան երեխաները, 2-րդ տարիքային խմբում՝ 13-17 տարեկանները:

1-ին տարիքային յուրաքանչյուր խմբում պարապողների առավելագույն քանակը 12-ն է, իսկ 2-րդում՝ 10-ը: 1-ին և 2-րդ տարիքային խմբերում պարապմունքները կանցկացվեն շաբաթական 3 օր՝ յուրաքանչյուր պարապմունքը 1 ժամ տևողությամբ: Ծրագիրը կիրականացվի 9 ամիս անընդմեջ տևողությամբ,  մարզումների իրականացման ժամանակահատվածը կորոշվի լողավազանի ղեկավարության հայեցողությամբ: Որոշման ընդունմամբ առավել շատ դպրոցահասակ երեխաներ լողալ կսովորեն և կներգրավվեն սպորտի մեծ նվաճումների գործընթացում: Նաև կապահովվի ՀՀ մարզերում լողի մարզիչների  պահանջվող թիվը:

Նորություններ