ՀՊԼ-ում նոր փոփոխությունների հետքերով. ՀՖՖ-ի հայտարարությունը | Region

ՀՊԼ-ում նոր փոփոխությունների հետքերով. ՀՖՖ-ի հայտարարությունը

Փետրվար 14,2025 14:14

Fastex Պրեմիեր Լիգայի ձևաչափի փոփոխությունը հնարավորություն կտա կայունացնել մրցաշարի մասնակից թիմերի քանակը, ակումբներին կընձեռի հնարավորություն հանդիպումների գերակշռող մասն անցկացնել շաբաթ-կիրակի օրերին, գրում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

ՀՖՖ Մրցումների բաժնի պետ Էդգար Պետրոսյանի հետ ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը զրուցել է ՀՖՖ կողմից առաջարկված ձևաչափային փոփոխության դրդապատճառների և առավելությունների մասին:

-Օրեր առաջ ֆուտբոլային հանրությանը ներկայացվել է  Fastex  Պրեմիեր  Լիգայի  ձևաչափի  փոփոխությունների  առաջարկ։ Ինչո՞վ է պայմանավորված նման քայլը։

-Ակումբների հետ ինտենսիվ շփումների արդյունքում պարզ դարձավ, որ որոշակի բարեփոխումների կարիք կա։ Ակումբները հիմնականում ուզում են խաղալ հանգստյան օրերին: Այս փոփոխությունները հնարավորություն կտան խաղերը հիմնականում անցկացնելու երեք օրվա միջակայքում՝ ուրբաթ-շաբաթ-կիրակի կամ շաբաթ-կիրակի-երկուշաբթի։ Դա իր հերթին կնպաստի, որպեսզի թիմերն ավելի լավ հանգստանան և պատշաճ կերպով պատրաստվեն եվրագավաթային հանդիպումներին։ Այս ձևաչափի շնորհիվ նաև հնարավորինս կխուսափենք հետաձգված հանդիպումների մեծ քանակից, որոնց մի մասի պատճառն աշխատանքային օրերին նշանակված մրցափուլերն էին, իսկ մյուսը՝ եվրագավաթային հանդիպումները։

-Ակումբերն արդեն ստացել են այս առաջարկը։ Ի՞նչ արձագանքներ կան։

-Մի քանի ակումբ արդեն բանավոր արձագանքել է։ Մինչև փետրվարի 20-ը սպասում ենք ակումբների պաշտոնական դիրքորոշումներին։ ՀՖՖ-ն միշտ փորձում է կարևորագույն հարցերում լսել ակումբների կարծիքը։ Մենք այս ամենը չենք նախաձեռնել՝ համարելով, որ մեր առաջարկած ձևաչափերը լավագույնն են: Հիմա էլ վերահաստատում ենք, որ բաց ենք քննարկումների համար ու առաջարկում ենք, որ ակումբներն իրենց տեսակետներն առաջարկեն, անեն լրացումներ։ Ակնկալում ենք արձագանք բոլոր ակումբներից։ Միայն բոլորի կարծիքը լսելու դեպքում հնարավորություն կունենանք համեմատել և պատկերացում կազմել, թե որքանով են համընկնում ակումբների պատկերացումներն առաջնության անցկացման ձևաչափերի և այլ հարցերի առումով։ Այդ ամենը նաև մեզ կօգնի մշակել վերջնական տարբերակը, որն էլ կներկայացնենք ՀՖՖ Գործադիր կոմիտեի քննարկմանը։

— Կարո՞ղ ենք համարել, որ այս փոփոխությունները կնպաստեն ապագայում պրոֆեսիոնալ լիգայի ստեղծմանը։

— Երբ պայմանների առումով լինի համահավասարություն, հնարավորություն կստեղծվի լուծել ակումբներին հուզող հիմնական խնդիրները՝ խաղացանկ, մրցափուլերի խաղային օրեր և այլն: Դա իր հերթին կարող է նպաստել առաջնության կազմակերպման իրականացման սահուն անցմանն ակումբներին: Վերջիններս իրենք կլինեն իրենց մասնակցությամբ մրցաշարի կազմակերպման պատասխանատուները, իսկ  հիմնական կնճռոտ հարցերի առումով էլ կգան ընդհանուր հայտարարի: Դա կօգնի լուծել ևս մի խնդիր, որը շատ կարևոր է ակումբների համար՝ ավելի կշռադատված և նախապես կազմակերպել արտագնա հավաքները, տրանսֆերային գործունեությունը և  ընկերական հանդիպումները։

armsport.am

Նորություններ