«Թրամփի վարչակազմը նահանջ է ապրում ժողովրդավարական սկզբունքներից»․Արթուր Սաքունց | Region

«Թրամփի վարչակազմը նահանջ է ապրում ժողովրդավարական սկզբունքներից»․Արթուր Սաքունց

Փետրվար 14,2025 19:36

Իրավապաշտպանի գնահատմամբ՝ կտուժեն մեր պետության ինստիտուցիոնալ զարգացման հետ կապված բարեփոխումների ծրագրերը, որոնք մինչ այս  իրականացվում էին հենց ԱՄՆ Միջազգային Զարգացման գործակալությունից եկող միջոցներով

«Թրամփի վարչակազմը ակնհայտ նահանջ է ապրում ժողովրդավարական սկզբունքներից»,-այս մասին այսօր «Մեդիա Կենտրոն»-ում քննարկման ժամանակ հայտարարեց իրավապաշտպան Արթուր Սաքունցն՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի՝  արտաքին օգնության դադարեցման մասին որոշմանը։

Բանախոսի ներկայացմամբ՝ ԱՄՆ ներկայիս վարչակազմը դեմ է գնում վաղուց արմատացած այն ընկալմանը, որ երկիրը ժողովրդավարական արժեքների պաշտպանն է ամբողջ աշխարհում։ Սա իր հետևանքներն է թողնելու` ակտիվանալու են հակաժողովրդավարական ուժերը:

Արթուր Սաքունցը խոսեց արտաքին օգնության դադարեցման բացասական ազդեցությունից։ Մասնավորապես, վերջինիս խոսքով` կտուժեն մեր պետության ինստիտուցիոնալ զարգացման հետ կապված բարեփոխումների ծրագրերը, որոնք մինչ այս  իրականացվում էին հենց ԱՄՆ Միջազգային Զարգացման գործակալությունից եկող միջոցներով։ Իրավապաշտպանը նշում է, առաջացել է խնդիր մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների պաշտպանության ուղղությամբ ֆինանսական միջոցներ հայթայթելու հետ կապված: Այս խնդրի լուծման ուղղությամբ արդեն իսկ քայլեր են ձեռնարկվում։ Հնարավոր լուծումը Եվրոպական Միության տարածաշրջանի պետություններից, ինչպես նաև մասնավոր ֆոնդերից աջակցության ստացումն է։

Սաքունցը ներկայացրեց նաև այն հնարավոր քայլերը, որոնց միջոցով Հայաստանը կկարողանա հաղթահարել առկա մարտահրավերները, և դուրս գալ ավելի ամուր ժողովրդավարական համակարգ։

«Առաջինը՝ պետք է շարունակել պնդել դատական հայցերը, որպես զսպման միջոց Ադրբեջանի կիրառած ռեժիմի դեմ, և ջանքեր գործադրել էթնիկ զտման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ։  Պետք է ուժեղացնել համագործակցությունը ԵՄ-ի ինստիտուտների հետ։ Տնտեսական առումով Հայաստանը պետք է  ժողովրդավարական զարգացած պետությունների հետ գտնվի ինստիտուցիոնալ համագործակցության տիրույթում։ Օր առաջ պետք է ազատվել այն կապանքներից, որը սահմանափակում է զարգացումը»,-ասաց Արթուր Սաքունցը, մեջբերելով Ուինսթոն Չերչիլի հայտնի խոսքերը՝ «Ժողովրդավարությունն էլ մի բան չի, բայց մարդկությունը դրանից լավ բան չի հորինել»։

Անդրադառնալով SEPPA-ի՝ ԵՄճի հետ համապարփակ եվ ընդլայնված գործընկերության  համաձայնագրով ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարմանը, Սաքունցն ասաց․«Հայաստանի իշխանությունները պատշաճ ջանքեր չեն գործադրում համաձայնագրով պարտավորված հանձնառությունների կատարման ուղղությամբ։ Պատճառները մի քանիսն են՝ համապատասխան կարողություններ չունենալուց մինչև Եվրասիական Տնտեսական Միությանը անդամակցելը»։

Նիկոլ Մարգարյան

Նորություններ