Մարտունիում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից հովվատանը պայթյուն է տեղի ունեցել․ հոգևորականը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ փետրվարի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում պայթյուն է տեղի ունեցել և կա տուժած։ Հայտնում է Shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր է մեկնել Մարտունու հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Տեղում պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել եկեղեցուն կից հովվատանը, վնասվել է հովվատան մուտքի դուռը, լուսամուտի ապակին, իսկ պայթյունի հետևանքով եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ Բարսեղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։