ՀՀ-ին կարտոֆիլի սերմացու ներմուծելու 0% մաքսատուրք կիրառելու արտոնություն է ստացել

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց որոշում, ըստ որի վեց ամիս ժամկետով Հայաստան 3,5 հազար տոննա կարտոֆիլի սերմացուն կներմուծվի առանց մաքսատուրք վճարելու
Հայաստան ներմուծվող կարտոֆիլի սերմացուի նկատմամբ 6 ամիս ժամկետով սակագնային արտոնություն կկիրառվի։ Այս մասին որոշումը գործադիրն ընդունեց այսօրվա հերթական նիստում։
Նախագծի ընդունումը բխում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի` 2025 թ. հունվարի 22–ի որոշումից, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությանը հատկացվել է 3,5 հազար տոննա կարտոֆիլի սերմացուի ներմուծման 0% մաքսատուրք կիրառելու արտոնություն։
Ըստ որոշման հիմնավորման՝ միջոցառման իրականացումն ուղղված է ՀՀ գյուղատնտեսությանը կարտոֆիլի որակյալ սերմացուով ապահովելուն։
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ճանաչվել է կարտոֆիլի սերմացու ներմուծելու լիազոր մարմինը։ Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է մինչև 2025 թ. հունիսի 30–ը ներառյալ։