«Արդյոք ՀՀ ոստիկանությունը չի՞ դառնում քաղաքական հետապնդման մասնակից»․Սաքունցը ФСБ-ի աշխատակիցների՝ ՀՀ ոստիկանական բաժին ներխուժելու մասին | Region

«Արդյոք ՀՀ ոստիկանությունը չի՞ դառնում քաղաքական հետապնդման մասնակից»․Սաքունցը ФСБ-ի աշխատակիցների՝ ՀՀ ոստիկանական բաժին ներխուժելու մասին

Փետրվար 20,2025 17:34

Իրավապաշտպանը Ռոման Շկլովերի՝ ոստիկանությունում ՌԴ անվտանգության մարմինների ներկայացուցիչների ճնշման մասին ասում է՝ եթե մարդը Հայաստանում գտնում է ապաստան՝ փախչելով հետապնդումներից, հոգեբանական ազդեցություն կարող է լինեն այդ նաձի նկատմամբ, երբ այդ հանդիպումը տեղի է ունենում հենց ոստիկանությունում, որը պետք է լիներ ապաստան և անվտանգություն փնտրելու վայր

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը երեկ հայտարարություն էր տարածել, որ Ոստիկանության բաժին են ներխուժել ՌԴ անվտանգային մարմինների ներկայացուցիչներ, հավանաբար՝ “ФСБ” -ի, ու ՀՔԱՎ-ի իրավական պաշտպանության ներքո գտնվող Ռ․Շկլովերին փորձել են համոզել ինքնակամ գնալ իրենց հետ։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ս․Գալստյանը թույլ չի տվել նման ապօրնություն, և Ռ․Շկլովերն ինքն էլ հրաժարվել է “ФСБ” -ի աշխատակիցների հետ համագործակցելուց։

Այսօր «Մեդիա կենտրոն»-ում հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՔԱՎ ներկայացուցիչները որոշ մանրամասներ ներկայացրեցին։

Փաստաբան Սամսոն Գալստյանը պարզաբանեց․«Ես բացատրեցի Ռոման Շկլովերի իրավունքները և պարտականությունները՝ նա որեւէ պարտականություն չուներ զրուցելու այդ անձանց հետ։ Ռոման Շկլովերը հայտնել է, որ ինքը հրավիրվել է Մետրոպոլիտենի պահպանության բաժին, ոստիկանության աշխատակիցները զանգահարել են իրեն եւ հրավիրել բաժին: Նա ինքնակամ ներկայացել է բաժին, դրանից 15 րոպե անց ես եւս ներկայացել եմ բաժին: Պարզել ենք, որ ՌԴ-ում քրեական գործ է հարուցված վերջինիս նկատմամբ եւ հետախուզում է հայտարարված, բայց որեւէ խափանման միջոց առկա չէ: Այնուհետեւ, մինչեւ այդ գործողությունները սկսելը` ոստիկանության բաժին են ներկայանում քաղաքացիական համազգեստով 2 անձ, որոնց ոստիկանության աշխատակիցները ներկայացնում են որպես ՌԴ իրավապահ մարմինների աշխատակիցներ: Նրանք ցանկանում են, որ այդ անձինք խոսեն Ռոման Շկլովերի հետ»։

Նրա խոսքով՝ Ռոման Շկլովերը ինքնակամ չի համաձայնվել զրուցել ՌԴ իրավապահ մարմինների հետ, քանի որ դրանք եղել են այն մարմինները, որոնց գործողությունների պատճառով Շկլովերը ստիպված էր լքել ՌԴ-ն։

Փաստաբանն ընդգծեց, որ Ռոմանը հրաժարվել է նրանց հետ զրույցել, որպեսզի չխախտվի Հայաստանի տարածքում նրա իրավունքները:

Ներքին գործերի նախարարությունը, սակայն, իր հաղորդագրության մեջ պնդում է, որ ՌԴ իրավապահ մարմինների ներկայացուցիչները պարզապես ցանկացել են զրուցել Շկլովերի հետ, ինչը կատարվել է ըստ օրենքի՝ առանց այնպիսի գործողությունների, որոնք կհարուցեին իրավական դաշտում խախտումներ:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, անդրադառնալով դեպքին, նշեց, որ ՌԴ իրավապահ մարմինները, Հայաստան գործուղվելով, որոշել են հանդիպել իրենց քաղաքացուն։ Այդ հանդիպումը կազմակերպվում է ՀՀ ոստիկանության բաժանմունքում։ Նա հարցադրում է անում՝ եթե մարդը Հայաստանում գտնում է ապաստան՝ փախչելով հետապնդումներից, ինչպիսի հոգեբանական ազդեցություն կարող է ունենալ նրա վրա, երբ այդ հանդիպումը տեղի է ունենում հենց ոստիկանությունում, որը պետք է լիներ ապաստան և անվտանգություն փնտրելու վայր։ Նա նաև շեշտեց, որ եթե ոստիկանությունը կազմակերպում է նման հանդիպումներ, ապա հարց է ծագում՝ արդյոք ՀՀ ոստիկանությունը չի՞ դառնում քաղաքական հետապնդման մասնակից։

Սյուզաննա Խառատյան

Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի

 

Նորություններ