Բաքվում ընթացող դատական նիստում Արցախի ղեկավարներից ոչ ոք իրեն մեղավոր չի ճանաչել առաջադրված շինծու մեղադրանքներում

Բաքվի զինվորական դատարանում, դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ, այսօր տեղի է ունեցել Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների շինծու գործերով հերթական դատական նիստը։
Շուրջ 15 անձի գործի քննության շրջանակում նրանց տրամադրվել են թարգմանիչներ, ինչպես նաև պաշտպաններ:
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դատավորը յուրաքանչյուրին բացատրել է իրենց առաջադրված մեղադրանքի բնույթը, նրանց մեղսագրվող արարքների իրավական նկարագրությունը, քրեական օրենսդրությամբ նախատեսված պատիժը, իրավունքները, ինչպես նաև հարցրել՝ արդյո՞ք իրենց լիովին կամ մասնակի մեղավոր կամ անմեղ ճանաչում են։
Նիստի սկզբում Արայիկ Հարությունյանի պաշտպանը դիմել է դատարանին՝ հայտարարելով, որ ցանկանում է առանձին հանդիպում ունենալ իր պաշտպանյալի հետ։ Դատարանը բավարարել է միջնորդությունը և պայմաններ ստեղծել հանդիպման համար։
Մեղադրյալներից ոչ ոք իրեն մեղավոր չի ճանաչում իրենց առաջադրված մեղադրանքներում։ Գլխավոր դատախազի ավագ օգնական Վուսալ Ալիևը հնչեցրել է դատախազության առաջարկը՝ կապված դատաքննության ընթացքում ապացույցների հետազոտման հաջորդականության հետ։
Դատավարության մյուս մասնակիցները պաշտպանել են մեղադրող կողմի առաջարկը։ Զեյնալ Աղաևը քրեական դատավարության կողմերին բացատրել է դատական քննության ընթացքում ապացույցների հետազոտման կարգը։ Դրանից հետո «մեղադրյալներին» առաջարկվել է դատարանի սահմանած կարգով «ազատորեն» ցուցմունք տալ։ Նրանք ու նրանց պաշտպանները դիմել են դատարանին՝ լրացուցիչ ժամանակ խնդրելով ցուցմունքներին նախապատրաստվելու և իրենց ներկայացված քրեական գործի նյութերը վերանայելու համար։
Դատարանը բավարարել է նրանց միջնորդությունը և հետաձգել նիստը։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է փետրվարի 24-ին։ Հաղորդվում է, որ այն սկսվելու է Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի հարցաքննությամբ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
Աղբյուր՝ factor.am