ՔՊ-ական պատգամավորի եղբոր գրառումը սոցիալական ցանցում արցախցիների նկատմամբ խտրականության և ատելության քարոզ են որակում

«ղարաբաղցի՞ ես, թե՞ հայ».սոցիալական հարթակում այս գրառման հեղինակը ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրն է՝ Հայկ Պալյանը, որը նաև ԱԺ-ում Էմմա Պալյանի օգնականն է։
Նա այս հարցադրումն արել է մի հումորային տեսահոլովակի տակ, որը վերաբերում էր տեղացող առատ ձյանն ու դրա մաքրման աշխատանքներին։
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը Ֆեյսբուքում այս առնչությամբ գրել է․«Դերասանուհի Լիաննա Վանոյանի հումորային տեսահոլովակի տակ մի վրդովված գյումրեցի ՔՊ-ական մեկնաբանություններ է գրում, ապա մեկին հարցնում է. «ղարաբաղցի ես, թե հայ?»։ Ակնհայտ է, որ ՔՊ-ական է, քանի որ կարծես ԱԺ աշխատակից է, գլխավերևում Նիկոլ Փաշինյանի լուսանկարն է, էջում կան ՔՊ-ական գյումրեցի պատգամավորների հետ լուսանկարներ, բացի այդ՝ բոլոր տրամաբանող մարդկանց համար պարզ է, որ արցախատյացությունը ՔՊ-ականների, նրանց մերձավորների և առհասարակ՝ Նիկոլի շուրջ համախմբվածների մենաշնորհն է։ Իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, սույն ՔՊ-ական տղային ինչու՞ չեք կալանավորում խտրականության, ատելության քարոզի համար, թե՞ այդ հոդվածը միայն ընդդիմադիրների համար է….»։
Էմմա Պալյանը Factor.am-ին եղբոր գրառման մասին ասել է․«Եղբայրս նկատի է ունեցել՝ Հայաստանի՞ց ես, թե՞ Արցախից։ Որևէ տարանջատման միտում չի եղել։ Բոլորն էլ հայ են՝ անկախ ապրելու վայրից»։
Այդուհանդերձ, սոցիալական ցանցում շատերը Հայկ Պալյանի այդ հարցադրումը համարում են խտրականության դրսևորում և ատելության խոսք արցախցիների նկատմամբ։