Գերմանիայի ընտրություններում պահպանողականների դաշինքը հաղթել է, ծայրահեղ աջերը՝ երկրորդ տեղում են

ՔԴՄ-ի Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է հաղթանակի մասին, իսկ SPD-ի Օլաֆ Շոլցը ափսոսում է ընտրությունների «դառը» արդյունքի համար: Գերմանիայի ընտրական իշխանությունը հաստատել է CDU/CSU -ի ՝ Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միությունների հաղթանակը նախնական արդյունքներով, որին հաջորդում են ծայրահեղ աջերը՝ AfD-ն:
Գերմանիայում երեկ կայացած ընտրություններում հաղթել է Ֆրիդրիխ Մերցի գլխավորած աջ կենտրոնամետ CDU/CSU դաշինքը՝ Քրիստոնեա-դեմոկրատական միություն և Քրիստոնեա-սոցիալական միությունը՝ հավաքելով ձայների 28,6%-ը։
DW-ի փոխանցմամբ՝ ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը երկրորդ տեղում է՝ 20,8%-ով, իսկ երրորդը՝ Օլաֆ Շոլցի (SPD)-ը՝ ձախ կենտրոնամետ սոցիալ-դեմոկրատները՝ 16,4%-ով:
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Գերմանիայի նոր կանցլերի ընտրությունը Բունդեսթագի կողմից չի կայանա այնքան ժամանակ, քանի դեռ չի ձևավորվել կառավարական կոալիցիա։ Սա կարող է ամիսներ տևել:
CDU/CSU թեկնածու Ֆրիդրիխ Մերցն այժմ առաջատարն է կանցլեր Օլաֆ Շոլցին փոխարինելու համար: Մերցն արդեն հայտարարել է հաղթանակի մասին՝ կոչ անելով «անկախանալ» ԱՄՆ-ից։
«Ես երբեք չեմ մտածել, որ երբևէ պետք կլինի նման բան ասել հեռուստատեսությամբ, բայց անցյալ շաբաթ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարություններից հետո պարզ է, որ ամերիկացիները, ամեն դեպքում, այս ամերիկացիները, այս վարչակազմը, հիմնականում թքած ունեն Եվրոպայի ճակատագրի վրա»,-պետական հեռուստատեսությամբ հեռարձակվող հոլովակում հայտարարել է Մերցը։
Նա ասել է, որ մեկ կոալիցիոն գործընկերոջ փոխարեն նախընտրում է երկուսը:
Կանցլեր Շոլցը ընդունել է «ընտրությունների պարտությունը» և իր կուսակցության ելույթը որակել որպես «դառը ընտրությունների արդյունք»:
Կանաչների կուսակցության առաջատար թեկնածու Ռոբերտ Հաբեկը պաշտպանել է իր կուսակցության կանխատեսվող 13% ձայնը որպես «հարգելի»՝ պատճառաբանելով, որ Կանաչները «չեն փլուզվել», ինչպես կոալիցիոն մյուս կուսակցությունները՝ SPD-ն և FDP-ն:
Ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունից Ալիս Վայդելը հայտարարել է, որ կուսակցությունը պատրաստ է կոալիցիոն կառավարություն մտնելու: