Գիշերը բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել շտապօգնության բժիշկների նկատմամբ․Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում անդրադարձել է շտապ օգնության բժիշկների նկատմամբ բռնության դեպքերին։
«Իրենց մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողների հանդեպ ոտնձգության դեպքերը, ցավոք, շարունակվում են:
Գիշերը բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել Երևանում ` շտապօգնության մեր բժիշկների նկատմամբ, ովքեր շտապել են կանչի` անհրաժեշտ բուժօգնություն տրամադրելու:
Օրեր առաջ էլ նմանօրինակ դեպք էր արձանագրվել Շիրակի մարզի շտապօգնության բուժակի նկատմամբ:
Խստորեն դատապարտում եմ տեղի ունեցածը: Վստահ եմ, որ այս դեպքերին իրավաչափ գնահատական լինելու է, և այդ հարցում ինքս լինելու եմ հետևողական:
Բուժաշխատողների հանդեպ ուժի, բռնության դրսևորումներն իրավահարգության կոպիտ խախտում են, անթույլատրելի վարքագիծ, և այո´, պիտի արժանանան նաև հասարակական պարսավանքի»:
Ներքին գործերի նախարարությունն այսօր հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․
«Փետրվարի 24-ին, ժամը 23․45-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել է, որ Լեոյի փողոցում Շտապօգնության աշխատակիցներին անհայտ անձինք ծեծի են ենթարկվում։
Ահազանգը փոխանցվել է Պարեկային ծառայություն և Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին։ Պարեկները նշված վայրում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել Արմավիր քաղաքի 37-ամյա և Մեծամոր քաղաքի 20-ամյա բնակիչներին։
Պարզվել է, որ տղամարդիկ ալկոհոլի ազդեցության տակ վատ զգալու համար Շտապօգնություն են կանչել և վեճի բռնվել աշխատակիցների հետ։ 37-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 6 գրամից ավելի դեղնականաչավուն զանգվածով երկու փաթեթ և դեղնականաչավուն զանգվածով գլանակ։ 20-ամյա մեծամորցու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին»։