Արփենիի բնակիչները վրդովված են․ գյուղի բուժքրոջն ազատել են աշխատանքից, բուժկետն էլ շաբաթը 1 օր է բաց

Շիրակի մարզի Աշոցք համայնքի կազմում գտնվող Արփենի բնակավայրը ոչ պաշտոնապես բաժանվում է Հին և Նոր Արփենիների։ Նոր Արփենին կառուցվել է 1988 թ.-ի երկրաշարժից հետո՝ արտասահմանցի շինարարների կողմից։ 1991թ․-ից «Ս․Կամիլլո» բարեգործական հիմնադրամը Աշոցքի գյուղական բնակավայրերում շահագործում է «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցին պատկանող բուժկետները՝ այդ թվում Արփենիում։
Գյուղի բնակիչների պնդմամբ՝ մինչև 2024թ․-ը դրանք աշխատել են բնականոն ռեժիմով, սակայն անցյալ տարի հիվանդանոցի ղեկավարությունը փոխել է քաղաքականությունը։ Գյուղի փորձառու բուժքրոջը՝ Արմենուհի Մուրադյանին, ազատել են աշխատանքից, ինչից հետո բուժկետն աշխատում է շաբաթական 1 օր։
Ըստ գյուղի բնակիչների՝ հաշվի չի առնվել ոչ միայն բուժքրոջ վաստակը, այլև իրենց կենսական կարիքները։ Երկարամյա բուժքույրը գիտեր իր բոլոր համագյուղացիների առողջական խնդիրները, օրվա ցանկացած ժամին պատրաստ է եղել առաջին բուժօգնություն ցուցաբերել։
Այսօր գյուղացիները մոլորված են․ չգիտեն ում դիմել շտապ, անհետաձգելի բուժօգնություն ստանալու համար, իսկ շտապօգնության մեքենայի կանչն ուղղակի անիմաստ են համարում, հատկապես տարվա այս եղանակին, երբ գյուղ տանող ճանապարհը հաճախ անանցանելի է լինում։
Արփենիի բնակիչները վրդովված են, նրանք «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցի ղեկավարությունից պահանջում են վերանայել որոշումը, բուժքրոջը վերականգնել աշխատանքի, նաև դիմում են Շիրակի մարզպետին և ՀՀ առողջապահության նախարարին, որոնց միջամտությամբ հնարավոր կլինի լուծել գյուղի թիվ 1 խնդիրը։
Տեսանյութը՝ առանց մեկնաբանության։