«Հայկական կողմի հայտարարությունը ցույց է տալիս, թե որքան նյարդայնացած է ՀՀ քաղաքական վերնախավը, որը բացահայտորեն աջակցել է Ադրբեջանի դեմ ագրեսիային»․Բաքուն արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ին | Region

«Հայկական կողմի հայտարարությունը ցույց է տալիս, թե որքան նյարդայնացած է ՀՀ քաղաքական վերնախավը, որը բացահայտորեն աջակցել է Ադրբեջանի դեմ ագրեսիային»․Բաքուն արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ին

Մարտ 01,2025 12:29

Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն արձագանքելով Հայաստանի ԱԳՆ-ի՝ Բաքվում հայ պատանդառուների և գերեվարված անձանց շինծու դատավարության մասին  հայտարարությանն, ասել է՝ Ադրբեջանը «մարդասիրական վերաբերմունք է դրսևորել» և «հետևելով միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում ստանձնած պարտավորությանը»՝ ազատ է արձակել ու հայրենադարձել ավելի քան 200 հայերի, որ ռազմագերիներ էին կամ պահվող անձինք:

 ՀՀ արտգործնախարարությունը երեկ հայտարարություն էր  տարածել,  որտեղ ասվում է,« Խորը մտահոգություն են պատճառում հայազգի ռազմագերիներից, պատանդներից, այլ պահվող անձանցից 23-ի նկատմամբ «դատավարություններից» տեսաձայնագրություններ և լուսանկարներ ներառող հրապարակումները, նշյալ անձանց` ներառյալ հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի փաստաբանների կողմից հրապարակայնացվող տեղեկությունները՝ կալանավորված անձանց նկատմամբ ներգործության, խոշտանգումների և նրանց առողջական վիճակի ակնհայտ վատթարացման մասին․․․ Հայազգի ռազմագերիները, պատանդները և այլ պահվող անձինք ապօրինաբար պահվում են Ադրբեջանում․ նրանց կալանավորումն ու հետապնդումը միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտում է»:

Ըստ Հաջիզադեի՝ պաշտոնական Բաքուն մարդասիրության «մեծ ժեստ» է համարում նաև այն, որ 2023 թվականին ավելի քան 10 հազար զինծառայողներին թույլ են տվել հեռանալ ադրբեջանական տարածքներից։

«Հայաստանի պետական պատասխանատվությունը և այլ անօրինական գործողությունները՝ որպես օկուպանտ և ագրեսիվ երկիր, փաստ է։  Հանցագործներին պատասխանատվության ենթարկելը արդարացի է, որը քաղաքական մանիպուլյացիաների չի կարող ենթարկվել։ Հայաստանն այսօր փոխանակ ողջունի պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրվող մարդկանց դատավարությունը, դրանք անվանում է «բեմականացված»,-ասել է Հաջիզադեն։

Հայկական կողմի հայտարարությունը, ինչպես նշված է պաշտոնական Բաքվից հնչող մեկնաբանության, ցույց է տալիս, թե այս դատավարությունից «որքան է նյարդայնացած Հայաստանի քաղաքական վերնախավը, որը բացահայտորեն աջակցել է Ադրբեջանի դեմ ագրեսիային»։

 

 

Նորություններ