Սպանդարյան գյուղի շուրջ 3000 տարվա հնագիտական արժեքները՝ բորբոսի ու խոնավության մեջ

Շիրակի մարզի գյուղական բնակավայրերը բավականին հին և հետաքրքիր պատմություն ունեն։ Կան բազմաթիվ վկայություններ այն մասին, որ որոշ գյուղերի տարածքներ բնակեցված են եղել դեռ մեր թվարկությունից առաջ։ Օրինակներից մեկը Սպանդարյան գյուղն է, որը գտնվում է Արթիկ խոշորացված համայնքում։
Մանթաշ գետի աջափնյակում տեղակայված այս բնակավայրը հարուստ է բազմաթիվ պատմական հուշարձաններով՝ բրոնզի դարաշրջանի պեղված և չպեղված դամբարաններով, նախաուրարտական շրջանի Կիկլոպյան ամրոցով ու միջնաբերդով, ուրարտական շրջանի Արգիշտի Առաջինի սեպագիր արձանագրությունով: Այստեղ կան նույն ժամանակաշրջանի քարանձավներ, 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի ջրաղացներ, գերեզմանոց։
Սպանդարյանում է գտնվում «Կուլիանի» պատմաերկրագիտական թանգարանը, որտեղ գտնվող տասնյակ հնագիտական նմուշներ վտանգված են, քանի որ թանգարանին հատկացված տարածքը չի ջեռուցվում։