«Մեր ձախողումների հետևանքով են գերիները Բաքվում»․ ակցիա ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մոտ | Region

«Մեր ձախողումների հետևանքով են գերիները Բաքվում»․ ակցիա ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մոտ

Մարտ 03,2025 14:52

«Մեր հայրենակիցները Բաքվի բանտերում տառապում են ադրբեջանական խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի պայմաններում»,-Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի մոտ անցկացված ակցիայի ժամանակ հայտարարեց Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։ Նրա խոսքով՝ Բաքվում դատվում է առաջին հերթին միջազգային իրավունքը, դատվում է նաև հայությունը՝ իր ազատությամբ և իրավունքներով։

«Մեր բացթողումների ու ձախողումների հետևանքով են գերիներն այսօր Բաքվում, առաջին հերթին սա Հայաստանի իշխանության պատասխանատվությունն է, որ պետք է ազատեն ու պաշտպանեն հայ գերիներին»,-նշեց Բեգլարյանը։ Նրա խոսքով՝ վիճակը գնալով ծանրանում է, ուստի բոլոր հնարավոր հարթակներում պետք է աղաղակել ու գործուն քայլեր պահանջել։

Ակցիայի մասնակիցներն իրենց պահանջն ամփոփող նամակը փոխանցեցին Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակ՝ ակնկալելով հրատապ արձագանք։

«Փետրվարին ԿԽՄԿ-ն այցելել է հայ գերիներին, և դա եղել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի ժամանակ»,-լրագրողներին հայտնեց Կարմիր խաչի միջազգային կազմակերպության պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ Նա, սակայն, մանրամասներ չհայտնեց ո՛չ գերիների առողջական վիճակի, ո՛չ պահման պայմանների մասին, ասաց՝ կառույցի ստանձնած պարտավորությունները դա թույլ չեն տալիս։

 

Նորություններ