Ֆուտբոլային այսօրվա ղեկավարության անփառունակ կառավարումը հայկական ֆուտբոլը հասցրել է աղետալի վիճակի․ Արթուր Սողոմոնյան | Region

Ֆուտբոլային այսօրվա ղեկավարության անփառունակ կառավարումը հայկական ֆուտբոլը հասցրել է աղետալի վիճակի․ Արթուր Սողոմոնյան

Մարտ 03,2025 17:11

Հայկական ֆուտբոլում հերթական սկանդալն է. «Փյունիկ»-«Արարատ Արմենիա» խաղի ժամանակ ձերբակալվել են 9 երկրպագուներ, որոնք պահանջում են ՀՖՖ նախագահ և փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանի ու Արմեն Նիկողոսյանի հրաժարականները: Ոստիկանությունը գործել է կոպիտ, չնայած նրան, որ երկրպագուների շրջանում կան նաև դեռահասներ: Փաստացի անազատության մեջ պահվող տղաներին սպառնում են քրեական հետապնդումներով:

Համոզմունք ունեմ, որ այս ամենը տեղի է ունենում ՀՖՖ գործող ղեկավարության ցուցումով կամ ուղղորդմամբ․ Այս ամենը վերջիններիս կողմից ուժային կառույցներին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելու արդյունք է: Համերաշխությունս եմ հայտնում ֆան. շարժումների անդամներին և համարում, որ նրանց պահանջներն արդարացի են ու հիմնավոր:

Կոչ եմ անում հայկական ֆուտբոլի վաղվա օրվա հանդեպ անտարբեր չգտնվողներին բոյկոտել Հայաստանի առաջնության խաղերը, մինչև ձերբակալվածներն ազատ կարձակվեն և կդադարի քրեական հետապնդումը: Իրավիճակը հայկական ֆուտբոլում հասել է հանգուցալուծման, այսպես շարունակվել այլևս չի կարող: Ֆուտբոլային այսօրվա ղեկավարության անփառունակ կառավարումը հասցրել է հայկական ֆուտբոլը աղետալի վիճակի, դուրս են մղում խոշոր ներդրողների, և ընդհուպ գործը հասել է երկրպագումների հանդեպ անտրամաբանական արարքների:

Եթե այս մարդկանց չկանգնեցնել, ապա շուտով Հայաստանում չի լինի ոչ պրոֆեսիոնալ ֆուտբոլ, ոչ էլ երկրպագուներ: Հարգելի ֆաներ, շնորհակալություն որ պայքարում եք, ես ձեզ հետ եմ, ձեր պահանջն արդար է, հրաժարականն անխուսափելի է:

«Փյունիկ» ակադեմիայի սեփականատեր Արթուր Սողոմոնյան

Նորություններ