«Այդ գեներալները սկսեցին շատ թանկարժեք մեքենաներով շրջել, հետո այդ գեներալներն ու պաշտոնյաները 1000 քառակուսի մետրանոց տներ ունենացան»․Արամ Սարգսյան

Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առիթով Արամ Սարգսյանը Եռաբլուրում էր, նա ասաց, որ Վազգեն Սարգսյանը կարողացել էր միավորել «չմիավորվողներին»
«Արցախն ազատագրելուց հետո Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, անընդհատ է պայքարել, դուք պիտի դա շատ լավ հիշեք։ Դրանից հետո ինչ եղավ՝ ավելի շատ գեներալներ տվեցին, քան կային լեյտենանտներ։ Այդ գեներալները սկսեցին արդեն շատ թանկարժեք մեքենաներով ման գալ, հետո այդ գեներալներն ու պաշտոնյաները սկսեցին 1000 քառակուսի մետրանոց տներ ունենալ, հետո ավելի բարձր պաշտոնյաները սկսեցին այդ նույն Մոնումենտում հյուրանոցներ ունենալ, հետո սկսեցին 5000 դրամով քվե առնել։ Իսկ հիմայի մասով հարցրեք՝ ում ուզում եք»,-այս մասին այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ ձեր եղբայրը՝ Վազգեն Սարգսյանը Արցախն է ազատագրել, իսկ ի՞նչ է անում այս իշխանությունը։
Այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է, պաշտոնյաներ, քաղաքացիներ այցելում են նրա շիրիմին։
Արամ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նաև ասաց՝ Վազգեն Սարգսյանի՝ Արցախն ազատագրելուց հետո էլ Հոկտեմբերի 27-ը տեղի ունեցավ։
Հարցին՝ այդ հանցագործները պատժվե՞լ են, Արամ Սարգսյանը պատասխանեց․«Նախկին իշխանություններն ասում են, որ իրենց պատժում են, որ ամեն օր դատարան են կանչում, որ ամեն օր հարցաքննվու են։ Այնտեղ ունեն փաստաբաններ, նրանք իրենց շահերը շատ լավ պաշտպանում են՝ ի տարբերություն այն ժամանակվա դատարանների, որ զազրախոսության հոդվածով իմ ընկերներին միտինգից գողանում, տանում, նստացնում էին։ Այդ ժամանակ այդ դատարաններում ընդհանրապես 301 հոդվածը կպցնում էին վրաս, տունս 5 անգամ հետախուզում, ստուգում էին անցկացնում։ Իսկ հիմա դատարաններում են, այո, անօրինական գույքի հոդվածով դատարաններում չեն առաջին նախագահը, երկրորդ նախագահը։ Իսկ դուք ի՞նչ եք ուզում, տանեն իրենց դատե՞ն»։
Լրագրողների դիտարկմանը՝ դատարանի վճիռ այդ մասով կա՞, Սարգսյանը պատասխանեց․« Ես դատավոր չեմ, մեղադրական ակտը չկա, պիտի դատարանում այդ մարդիկ հնարավորություն ունենան փաստաբան ունենալու, իրենց իրավունքները պաշտպանելու։ Կարողացել են պաշտպանել՝ չեն դատվել։ Դատախազներն այսօր ավելի թույլ են, քան այն փաստաբանները, որոնք աշխատում են իրենց համար, որովհետև մասնավորը շատ ավելի լավ է վճարում։ Եվ դրանով արդարադատության համակարգը շատ լուրջ խնդիրներ ունի»։
Նա ասաց, որ խնդրի լուծումը դատարանների միջոցով չի տեսնում, դա պետք է լինի ազգային համաձայնության գալու միջոցով։
«Ես սկզբից ասել եմ, որ խնդիրը այս երկիրը, որ չկորցնենք, ընդհանուր ազգային համաձայնության գալու միջոցով պիտի լուծվի։ Աշխարհն անցնելու ճանապարհներ կան։ Այսօր էլ այստեղ էլի Վազգենն է միավորողը։ Նա այն ժամանակ չմիավորվողը միավորեց, արդյունքում ունեցանք հաղթանակ։ Վազգենն ազատագրեց Արցախը, որովհետև չմիավորվողը՝ երկրապահի ջոկատները, հազար ու մի անգրագետ, կարողացավ միավորվել։ Այսօր էլ Վազգենը միավորում է։ Մենք եկել ենք այստեղ, Հանրապետականն եկավ՝ Տարոն Մարգարյանի հետ, Դավիթ Հարությունյանի հետ, ողջագուրվեցինք, բարևեցինք։ Ո՞վ միավորեց՝ Վազգենը։ Ո՞վ էր Վազգենի միավորածը բաժանում, ո՞վ էր նրա դեմ 1999-ին տարբեր կուսակցություններով մրցակցում, հետո Վազգենի կուսակցությունը գողանում։ Գնացեք, հարցեր իրենց տվեք»,-ասաց Արամ Սարգսյանը։
Սյուզաննա Խառատյան