Բաքուն պատրաստվում է փակել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը

Ադրբեջանի կառավարությունը մտադիր է փակել իր երկրում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը։ Այս մասին ադրբեջանական APA գործակալութւանը հայտնել է ԿԽՄԿ հասարակայնության հետ կապերի մասնագետ Օրելի Լաշանսը։
«Պաշտոնական Բաքուն ԿԽՄԿ-ին հայտնել է Ադրբեջանում մեր ներկայացուցչությունը փակելու մտադրության մասին»,-ասել է Լաշանսը։
Նա նաև նշել է, որ ներկայումս իշխանությունների հետ կապերը պահպանվում են. «Սա մեր գաղտնի և երկկողմ երկխոսության մի մասն է»։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են նաև, որ Ադրբեջանը կվերանայի մի քանի միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ձևաչափը։ Պաշտոնական Բաքվի այս քայլը բացատրվում է նոր իրողությունների ի հայտ գալով և հնացած կազմակերպությունների հետ համագործակցության անարդյունավետության պատճառով։
Կազմակերպությունների թվում, որոնց հետ կվերանայվի համագործակցության ձևաչափը, գերակշռում են ՄԱԿ-ի գործակալությունները։
Պաշտոնական Բաքուն առաջարկ է արել փակել Ադրբեջանում ՄԱԿ-ի չորս գրասենյակները՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (UNDP), ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը (UNFPA), ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնաժողովը (UNHCR) և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (UNICEF):
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի կառավարությունն արդեն ծանուցում է ուղարկել ՄԱԿ-ի 4 տեղական գրասենյակներին, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) և Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) տեղական ներկայացուցչությունը փակելու մասին։
Նորություններ

