Լևոն Բարսեղյան․«Գյումրում որևէ մեկի հետ կոալիցիա չենք կազմելու, առաջնորդվում ենք քաղաքի շահով, ջանալու ենք մնալ քաղաքակիրթ բանավեճի շրջանակներում» | Region

Լևոն Բարսեղյան․«Գյումրում որևէ մեկի հետ կոալիցիա չենք կազմելու, առաջնորդվում ենք քաղաքի շահով, ջանալու ենք մնալ քաղաքակիրթ բանավեճի շրջանակներում»

Մարտ 06,2025 11:15

Գյումրու քաղաքապետի թեկնածու Լևոն Բարսեղյանը հիշեցնում է՝2012-ին և 2016-ին ընտրակաշառքի, վարչական ռեսուրսների չարաշահման, ընտրակեղծիքների ընտրություն է եղել Գյումրիում, հիմա էլ որոշ ահազանգեր կան ընտրակաշառքի մասին

Գյումրիում մարտի 30-ին անցկացվելիք ավագանու արտահերթ ընտրություններում բավականին թեժ ընտրապայքար է սպասվում։ Բայց ի տարբերություն 2021 թվականի ՏԻՄ ընտրությունների, այս անգամ 9 քաղաքական ուժ է առաջադրվել, այն ժամանակվա 10-ի փոխարեն։

Լրագրող, ՏԻՄ փորձագետ Լևոն Բարսեղյանը, ով առաջադրվել է «Եվրադաշինքով»-, ասում է, որ ինքը վատ երևակայություն ունի, ու ինչ ասես պատկերացրել է ու էլի կարող է պատկերացնել, թե ինչպիսի ընտրապայքար է սպասվում, որն, ի դեպ, վաղուց արդեն սկսված է։

Բարսեղյանը երեկ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին ընտրություններին մասնակցելու դիմումը ներկայացնելուց հետո մեզ հետ զրույցում վստահեցրեց․«Մենք ջանալու ենք մնալ քաղաքակիրթ բանավեճի շրջանակներում, քննադատություն լինելու է քաղաքական գործիչների, հայտատուների, և իհարկե ծրագրերի վերաբերյալ։ Մեր գլխավոր ուշք ու միտքը, իհարկե, ծրագրերն են, թե ով ինչ է առաջարկում։ Ամենակարևոր հարցը, թե ինչպես է իրականացնելու իր խոստումները։ Եթե մենք նկատենք, իհարկե, արդեն նկատել ենք մի 2 բան, հեքիաթներ և այլն, ասելու ենք «Ժողովուրդ ջան, պատմեք էդ հեքիաթը, թող չուզողը մենք լինենք»։

Նա ընդամենը ենթադրում է, որ մրցակիցները կնկատեն, որ հարկավոր է քաղաքակիրթ բանավեճի շրջանակներում տանել ընտրապայքարը։

Լևոն Բարսեղյանն արդեն 4-րդ անգամ է առաջադրվում, 2 անգամ ավագանու անդամ է ընտրվել։

Ասաց՝ ընտրությունից ընտրություն որակական շատ տարբերություն կա։ Իսկ գլխավոր տարբերությունը, ըստ նրա՝ ընտրակաշառքն է․«2012-ին և 2016-ին ընտրակաշառքի, վարչական ռեսուրսների չարաշահման ընտրակեղծիքների ընտրություն է եղել Գյումրիում, ինչպես եղել է Հայաստանի բոլոր համայնքներում, համապետական մասշտաբով։ Ահա այդ խախտումների, կեղծիքների ծավալը շեշտակի ընկած է եղել 2021 թվին։ Հիմա դեռ ինչ որ ահազանգեր ունենք, բայց առայժմ չեմ համարձակվի հայտարարել, որ ընտրակաշառքի մոդիֆիկացված ձևեր են կիրառվում։ Հենց ունենամ ճշգրիտ տեղեկություններ, դրանք կհաղորդեմ»։

Ըստ Լևոն Բարսեղյանի՝ 2021 թվականին մարդիկ ազատ են եղել գնալ մասնակցել ընտրություններին, բայց նրանց կամքի վրա ճնշումներ, իհարկե, եղել են։

Դրանք, թեկնածուի կարծիքով, կախված են ոչ միայն ընտրակաշառքից, այլև քարոզչական մեքենայից, թե ինչ լրատվամիջոց ինչպես է քարոզում ոչ միայն քարոզարշավի շրջանակներում, այլ՝ դրանից առաջ և արդեն երկար ժամանակ։

«Ես մի քանի անգամ հայտարարել եմ, որ կարևոր է «սև»> փողերը ընդհանրապես բիզնեսի, լրատվամիջոցների և կուսակցությունների տակից հանել, որպեսզի դրանք տարիների ընթացքում եղանակ ու տրամադրություն չստեղծեն, որ հետո դա չգա, չկապիտալիզացվի որպես ընտրական քվե և մանդատ։ Մեղքը ընդհանրապես և՛ համապետական, և՛ ՏԻՄ ընտրությունների մասով, գործող իշխանությունների վիզն է։ Փաշինյանի կառավարությունը եթե կամենար, ապա ժամանակին «սև» փողերը կհաներ կուսակցությունների տակից, նրանց ենթակա ԶԼՄ-ների տակից և տրամադրությունները չէին լինի այնպիսին, ինչպիսին են։ Եվ ոչ ոք չգիտե, չի կարող չափել, թե ինչպիսի ազդեցություն է ունենալու «սև» փողերով պրոպագանդան, օրինակ այս ընտրությունների վրա, օրինակ հաջորդ տարվա ԱԺ ընտրությունների վրա»,-ասաց Բարսեղյանը։

Ըստ նրա՝ սրանք կարևոր առանձնահատկություններ են։

Նա չի կարծում, թե հասարակության տրամադրությունները արմատապես  փոխվել են իր բնորոշմամբ՝ հեքիաթասացության և իրական ծրագրերի ըմբռնման հարցում։ Բայց որոշակի փոփոխություններ նկատել է։

«Հույս ունեմ, որոշ փոփոխություններ եղել են, այսինքն էն առաջվա մարդիկ չեն, որ գան հեքիաթը պատմեն, իրենք էլ ասեն՝ «Քա էս ինչ լավ բալա ես, արի քեզի քվես տամ, հորքուրիս տղեն, քեռու աղջիկը, սանիկն է, բա ո՞ւմ քվեն տամ, եթե ոչ իրեն»։ Ես համարել եմ ու այս ամբողջ ընթացքում պնդել եմ ու պնդելու եմ, որ քաղաքացիները պարտավոր են աչալուրջ լինել, էդ մի քվեն ունեն, թող իմանան ում են տալիս։ Ծրագիր եք ասում, լավ եք անում, բա մի հատ նայեք էդ մարդկանց կենսագրությունը, ի՞նչ են արել, ի՞նչ չեն արել, և ամենակարևորը, տեսեք՝ ինչ են առաջարկում և ինչպես են անելու դա։ Եթե կա իրատեսական ծրագիր, գնացեք, ընտրեք եղբայր»,-ասաց Բարսեղյանը։

REGIONS TV-ն հետաքրքրվեց՝ ընտրություններից հետո «Եվրադաշինքը», որի ընտրական ցուցակում է Լևոն Բարսեղյանը, Գյումրու ավագանիում որևէ քաղաքական ուժի հետ կոալիցիա կկա՞զմի։ Ի պատասխան Բարսեղյանն ասաց․«Մենք որոշել ենք, որ որևէ կոալիցիա որևէ մեկի հետ չենք կազմում, մենք առաջնորդվում ենք քաղաքի շահով, եթե որևէ մեկը նպատակահարմար կգտնի, կարող է մեր գաղափարների կամ թեկնածուի օգտին քվեարկել։ Սա վաղուց որոշված բան է, քննարկել ենք, դաշինքի մաս կազմող 3 քաղաքական ուժերի հետ։ Մենք բազմիցս լսել ենք մեղադրանքներ «Հանրապետություն» կուսակցության՝ Երևանի ավագանու ընտրություններում դիրքորոշման մասին՝ Երևանում 2023 թվի սեպտեմբերին (Երևանի ավագանու ընտրություններից հետո ՔՊ-ն ու «Հանրապետությունը» Երևանի կառավարումը միասին իրականացնելու հուշագիր ստորագրեցին, խմբ)։ Անձամբ ես իմ վերաբերմունքն ու կարծիքն ունեցել եմ, հայտնել եմ, Գյումրու դեպքում նման բան չի լինի, մեր «Եվրադաշինքը» որևէ մեկ մրցակցի հետ որևէ կոալիցիա կազմելու ո՛չ տրամադրություն ունի, ո՛չ հիմքեր ունի։ Կգա ժամանակը, ավագանու նիստում պարզ կդառնա, կտեսնենք»։

Նա հավելեց․«Մարդ կա՝ կասկածում է, փորձում է վարկաբեկել մեզ, մեղադրել, թե տեսե՛ք, տեսե՛ք։ Լսել եմ, կարդացել եմ՝ «ՔՊ-ին կցված ուժեր»։ Գլուխները պատին են տվել խոսողները, թող ուրիշները մտածեն, մեր օգտին քվեարկելու են, թե՝ ոչ։ Մենք մեր գաղափարները վաղուց ենք ունեցել, նոր չէ, որ մենք պատմում ենք։ Էն ժամանակ ես ու իմ ընկերները երբ առաջադրվում էինք, բազմաթիվ կուսակցություններ դեռ ստեղծված չէին»։

«Եվրադաշինքը» ձևավորվել է «Հանրապետություն», «Հանուն Հանրապետության» և Եվրոպական կուսակցությունների միավորումով։

Հիշեցնենք, օրեր առաջ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն  ասել է, որ դաշինքը մտադրություն չունի ՔՊ-ի հետ կոալիցիա կազմելու, իսկ Երևանի ավագանիում իշխանական կուսակցության հետ իր ղեկավարած կուսակցության միավորվելու նպատակը եղել է այն, որ ռուսամետ ուժերը իշխանության չգան Երևանում, ինչը կհանգեցներ նրանց իշխանության գալ նաև Հայաստանում։ Ըստ Արամ Սարգսյանի՝ ինքը գոհ չէ Երևանի ավագանիում իրենց խմբակցության աշխատանքից։

Կարինե Կազարովա

Նորություններ