«Միջազգային հայցերից հրաժարումը ՀՀ-ի շահերի դեմ ուղղված գործողություն է, կարծում եմ՝ Կիրակոսյանը ուղղակի չի ցանկանում լինել այս գործընթացի մասնակիցը»․իրավապաշտպան | Region

«Միջազգային հայցերից հրաժարումը ՀՀ-ի շահերի դեմ ուղղված գործողություն է, կարծում եմ՝ Կիրակոսյանը ուղղակի չի ցանկանում լինել այս գործընթացի մասնակիցը»․իրավապաշտպան

Մարտ 06,2025 21:39

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի համար կասկածելի է Եղիշե Կիրակոսյանի հրաժարականը, ասում է՝ պրակտիկ, ազդեցիկ, շոշափելի հնարավորություն ունեցող մարդը մեկ էլ որոշում է առհասարակ դուրս գալ համակարգից ու զբաղվել ակադեմիական գործունեությամբ, նշանակում է, որ խնդիր կա

Մինչ Եղիշե ԿիրակոսյանըԵղիշե Կիրակոսյանը  կպարզաբաներ, թե ինչու է լքում Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնը, սոցիալական ցանցերում, մամուլում տեսակետներ էին հնչում, որ նրա հրաժարականը հնարավոր է կապված է միջազգային դատարաններից ՀՀ հայցերի հետկանչման հետ։

Հիշեցնենք, որ իշխանությունը չի բացառում, որ այդ հայցերը հետ կկանչեն փոխադարձ սկզբունքով, քանի որ հայցերի հետկանչը «Խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված կետերից է։

Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Կիրակոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, նա այսօր մոտ 1,5 ժամ առաջ սոցիալական ցանցում պարզաբանեց իր հրաժարականը․«Ցանկանում եմ առավել կենտրոնանալ ակադեմիական/գիտական և մասնագիտական գործունեության վրա՝ նպաստելով Հայաստանի Հանրապետությունում միջազգային իրավունքի ամրապնդմանը, ինչպես նաև իրավագիտական կրթության զարգացմանը»։

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը, որից REGIONS TV-ն հարցազրույց է վերցրել մինչ Կիրակոսյանի պարզաբանումը, ասաց․«Ես հիշում եմ, որ մեկ տարի առաջ՝ գրեթե նույն օրերին, նորից շրջանառության մեջ դրվեց հայցերից հրաժարվելու հարցը, և պարոն Կիրակոսյանը առաջին անգամ ցանկություն հայտնեց դադարեցնել իր գործունեությունը։ Դա, կարծում եմ, կապված է այն մտքի հետ, որ լինելով պրոֆեսիոնալ մասնագետ, շատ լավ հասկանում է, թե ինչ հետևանքներ է ունենալու ՀՀ-ի համար այս հայցերից հրաժարումը։ Հետևաբար, կարծում եմ՝ սա կապված է հենց հրաժարման գործընթացի արագացման կամ, ավելի գործնականում, դրա իրականացման հետ։ Կիրակոսյանը, հավանաբար, չի ցանկացել իր ձեռքով ստորագրել, որովհետև դա հանցավոր գործողություն է լինելու՝ Հայաստանի Հանրապետության շահերի դեմ։ Հայցերից հրաժարումը իրականում ՀՀ-ի շահերի դեմ ուղղված գործողություն է, և կարծում եմ, որ Կիրակոսյանը ուղղակի չի ցանկանում լինել այս գործընթացի մասնակիցը»։

Կարապետյանցը հշեցրեց, որ իշխանությունները դեռ մեկ տարի առաջ սկսեցին քննարկել հայցերից հրաժարումը, սակայն հասարակությունը այդ պահին պատրաստ չէր այդ որոշմանը։

«Ես կարծում եմ, որ այս մեկ տարին նրանք պարզապես ժամանակ էին շահում՝ հասարակությանը հոգեբանորեն պատրաստելու նրան, որ գնալու են հայցերից հրաժարմանը։ Նրանք փորձում էին հասարակության մի հատվածին համոզել, որ հրաժարվելը կլինի լավ լուծում՝ իբր գոյություն չունեցող կամ երևակայական խաղաղության դիմաց»,- ընգծեց նա։

Կարապետյանցի համար շատ կասակծելի է Եղիշե Կիրակոսյանի հրաժարականն, այն էլ այն դեպքում, երբ նա միջազգային դատարանում կարևոր աշխատանք է կատարել ու կարևոր գործառույթ ունի։

«Պրակտիկ, ազդեցիկ, առարկայական, շոշափելի հնարավորություն ունեցող մարդը որոշում է առհասարակ դուրս գալ այս համակարգից և զբաղվել ակադեմիական գործունեությամբ, նշանակում է, որ իսկապես մենք խնդիր ունենք։ Ափսոս, որ իրականությունը մենք կիմանանք պոստֆակտում։ Համոզված եմ, որ սա իշխանական ուժերը, իրենց քարոզիչները կներկայացնեն, որ հերթական անգամ իշխանությանը մարդիկ փորձում են թիրախավորել, թե՝ պարոն Կիրակոսյանը իր դիմումի համաձայն որոշել է զբաղվի կրթությամբ։ Բայց հասարակությունը կհամոզվի պոստֆակտում և կտեսնենք, որ պատճառը եղել է հայցերից հրաժարումը։ Պարոն Կիրակոսյանն, ամենայն հավանականությամբ, չի ցանկանում խայծը դառնալ դժգոհության, որը հաստատ առաջանալու է, երբ հասարակությանը պարզ դառնա, որ ՀՀ-ն գնում է իրավունքների հրաժարման ճանապարհով»,-ասաց Կարապետյանցը։

Իրավապաշտպանը նկատեց, որ միջազգային հարթակներում ստացված որոշումները, որոնք կապված են այս հայցերի հետ, շատ մեծ հավանականությամբ դրական կլինեին, սակայն դրանք ուղղակիորեն կյանքի չեն կոչվում։ Բայց սա չի նշանակում, ըստ Կարապետյանցի, որ այդ հայցերը անօգուտ են, այլ՝ դրանք այն գործիքներն են, որոնք թույլ են տալիս Հայաստանին պաշտպանել իր շահերը․ «Երբ դու հրաժարվում ես այս գործիքներից, դու թուլացնում ես քո դիրքերը, քո հնարավորությունները, և ամենակարևորը՝ ապագայում, երբ Հայաստանը մի փոքր ավելի կայունացած լինի, մեր խնդիրների լուծման համար գործիքներ, որպես իրավական հիմքեր, այլևս չեն լինի։ Եվ մենք չենք կարող նույն հայցի վերաբերյալ երկրորդ, երրորդ անգամ դիմել»։

Կարապետյանցը նշեց․ «Կա երկու տարբերակ՝ կամ իշխանությունները չեն պատկերացնում՝ ինչի մասին է խոսքը՝ բավարար գիտելիք չունեն, կամ դավաճանական քայլեր են անում»։

Նա ընդգծեց, որ մեկ տարի առաջ, երբ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ պատրաստվում են հրաժարվել հայցերից, Հայաստանի հասարակության ակտիվ մասը կոշտ արձագանքեց։

«Կարծում եմ՝ դա էր պատճառը, որ այդ ժամանակ այդքան արագ չգնացինք հայցերի հրաժարման ճանապարհով։ Հույս ունեմ, որ այսօր, երբ ամբողջ հասարակությունը ունի բավարար փորձ ու գիտելիք՝ հասկանալու այս գործընթացի բոլոր հետևանքները, նրանք ևս անհաղորդ չեն մնա։ Նրանք չպետք է վախենան իշխանությունից, որովհետև ցանկացած իշխանություն ժամանակավոր է, և չի կարող թույլ տալ, որ հրաժարվեն մեր ապագայի հնարավորություններից»,-նշեց իրավապաշտպանը։

Սյուզաննա Խառատյան

 

 

 

 

Նորություններ