Երկու երիտասարդ «Օպել»-ով շրջել են Գյումրիում ու կպչուն ժապավենով փաթեթավորված թմրանյութեր տեղադրել տարբեր հատվածներում․Ոստիկանություն

Փետրվարի 25-ին Կումայրիի բաժնի ծառայողները ստացել էին հավաստի տեղեկություն, որ երկու երիտասարդ «Օպել» մակնիշի մեքենայով շրջում են Գյումրի քաղաքում և կպչուն ժապավենով փաթեթավորված թմրանյութեր տեղադրում:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվեց, որ մեկը երևանցի է, մյուսը` Աբովյան քաղաքից` երկուսն էլ 22 տարեկան: Ստացվեց նաև տեղեկություն, որ նրանք Ազատանից Ղարիբջանյան գյուղ տանող ճանապարհի հարակից դաշտերում, Գյումրիի օդանավակայանի խճուղու մոտակայքում և Վարդ-Բաղ թաղամաս տանող ճանապարհին տեղադրել են թմրանյութեր և բջջային հեռախոսներով լուսանկարել թաքստոցները:
Նույն օրը, թմրամիջոցներ ապօրինի պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով, Վարդ-Բաղ տանող ճանապարհի սկզբնամասում երիտասարդները ձերբակալվեցին և, «Օպելով» հանդերձ, տեղափոխվեցին Կումայրիի բաժին:
Անձնական խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել և վերցվել են բջջային հեռախոսները և դեղնականաչավուն զանգվածով մեկական կաթուցիչ:
Երկուսն էլ հայտնել են, որ կարմիր և կապույտ 24 փաթեթներով մարիխուանան ձեռք են բերել «Տելեգրամի» մի կայքէջի միջոցով` որոշակի գումարի դիմաց դրանք Գյումրիի տարբեր հատվածներում տեղադրելու համար:
Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Երիտասարդներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նորություններ

