Իրանցի լրագրող Խայալ Մուազին. Իրանն ակնկալում է, որ Հայաստանը թույլ չի տա արտաքին ուժերին իրեն օգտագործել իր հարեւանների դեմ խաղերում | Region

Իրանցի լրագրող Խայալ Մուազին. Իրանն ակնկալում է, որ Հայաստանը թույլ չի տա արտաքին ուժերին իրեն օգտագործել իր հարեւանների դեմ խաղերում

Մարտ 07,2025 19:52

Խայալ Մուազինը նշել է, որ հայ-իրանական հարաբերությունների ապագան կախված է Երևանի՝ պատմական կապերի և տարածաշրջանի ռազմավարական շահերի հարգման վրա հիմնված բազմավեկտոր, բայց հավասարակշռված քաղաքականություն կառուցելու կարողությունից

Իրանի ռազմավարական հարցերով փոխնախագահի պաշտոնից Ջավադ Զարիֆի հրաժարականը և ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Էհսան Հեմմատիի պաշտոնանկությունը լուրջ իրադարձություն էր Իրանի քաղաքական կյանքում։ Սակայն այս փոփոխությունները ներքաղաքական գործընթացների մաս են և չեն վկայում իշխանության որևէ պառակտման մասին։ Այս մասին REGIONSTV-ին տված հարցազրույցում ասել է իրանցի լրագրող Խայալ Մոազինը։

Նա ասաց, որ Ջավադ Զարիֆը, որպես բարեփոխական ճամբարի առանցքային ներկայացուցիչներից մեկը, վերջին տարիներին բազմիցս հանդես է եկել հայտարարություններով, որոնք լուրջ բանավեճ են առաջացրել Իրանի հասարակության և իշխող շրջանակներում․«Մասնավորապես, արտասահմանյան հարցազրույցներում նրա հայտարարությունները, որոնք տարբերվում էին Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքական պաշտոնական գծից, քննադատության առիթ դարձան ինչպես երկրի ներսում, այնպես էլ քաղաքական կառույցի շրջանում: Այն ժամանակ, երբ Իրանը միջազգային ասպարեզում զբաղված է բարդ դիվանագիտական պայքարով, բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններում ցանկացած անհամապատասխանություն կարող է ընկալվել որպես միասնական պետական դիրքի թուլացում»:

Սակայն Խայալ Մուազինն ընդգծեց՝ ճիշտ չէ ասել, թե Իրանում կա քաղաքական ճգնաժամ կամ պառակտում բարեփոխիչների և պահպանողականների միջև։

Նրա խոսքով՝ Իսլամական Հանրապետության քաղաքական համակարգը կառուցված է ուժերի հարաբերակցության ինստիտուտի վրա, իսկ կադրային փոփոխությունները կառավարման ներքին դինամիկայի բնական տարր են․« Զարիֆին և այլ բարեփոխիչներին կփոխարինեն նոր մենեջերներ՝ ոչ պակաս մասնագիտական որակներով և դիվանագիտական փորձով։ Իրանը ունի բարձր որակավորում ունեցող դիվանագետների լայն շրջանակ, որոնք ունակ են արդյունավետորեն պաշտպանել երկրի շահերը միջազգային ասպարեզում»:

Մասուդ Փեզեշքիանի կաբինետի հրաժարականի վերաբերյալ Խայալ Մուազինն ասաց, որ դեռ վաղ է խոսել նրա ամբողջական հրաժարականի մասին․ «Սակայն, հաշվի առնելով փոփոխվող քաղաքական միջավայրը, հետագա կադրային փոփոխությունները, հավանաբար, ուղղված են գործադիր իշխանության և դրա արդյունավետության ամրապնդմանը: Ներքին բարեփոխումները ժամանակի մարտահրավերներին հարմարվելու բնական գործընթաց են, և այս համատեքստում պետք է դիտարկել Իրանի կառավարության ներկայիս փոփոխությունները»։

Անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին, ինչպես նաև Հայաստանի՝ Արևմուտքին ինտեգրվելու թեմային, Խայալ Մուազինն ասաց, որ Թեհրանում բարձր են գնահատել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Արևմուտքի հետ Երևանի կապերի խորացումը վտանգ չի ներկայացնում Իրանի համար։ Նրա խոսքով՝ Իրանը միշտ հանդես է եկել բարիդրացիական հարաբերությունների զարգացման օգտին և աջակցում է Հայաստանի քաղաքական անկախությանը, պայմանով, որ երրորդ երկրների հետ համագործակցությունը չի օգտագործվի Իսլամական Հանրապետության շահերի դեմ։

«Սակայն Հայաստանի ղեկավարությունը պետք է զգոն լինի, քանի որ Վաշինգտոնն ու նրա դաշնակիցները չեն գործում ալտրուիստական դրդապատճառներից ելնելով։ Պատմությունը ցույց է տալիս, որ Արևմուտքը քաղցր խոստումներ է տալիս, բայց միշտ հետապնդում է բացառապես իր աշխարհաքաղաքական նպատակները։ ԱՄՆ-ի և ԵՄ-ի ընկալմամբ՝ ազդեցության հիմնական գործիքը տարածաշրջանի ապակայունացումն է, այլ ոչ թե այն ուժեղացնելը»,- ասաց Մուազինը։

Իրանցի լրագրողի խոսքով՝ ԱՄՆ-ն ու նրա արևմտյան գործընկերներն ամեն օր կորցնում են ազդեցությունը Մերձավոր Արևելքում և Կենտրոնական Ասիայում, և նրանց հիմնական նպատակն ամեն գնով պահպանել իրենց հեգեմոնիան։ «Տարածաշրջանի երկրներին որպես Ռուսաստանի, Իրանի և այլ պետությունների վրա ճնշում գործադրելը ռազմավարություն է, որն Արևմուտքը բազմիցս օգտագործել է։ Իրանն իր հերթին միշտ հանդես է եկել տարածաշրջանում կայունության և խաղաղության օգտին և ակնկալում է, որ Հայաստանը թույլ չի տա արտաքին ուժերին օգտագործել իրեն հարևանների դեմ խաղերում։ Հայ-իրանական հարաբերությունների ապագան կախված է Երևանի՝ պատմական կապերի և տարածաշրջանի ռազմավարական շահերի հարգման վրա հիմնված բազմավեկտոր, բայց հավասարակշռված քաղաքականություն կառուցելու կարողությունից»,- նշեց Խայալ Մուազինը։

Զաբելա Ավագյան

 

 

 

Նորություններ