Ո՞վ իշխանության բերեց Նիկոլ Փաշինյանին․վարչապետն արձագանքում է ընդդիմության մեղադրանքներին | Region

Ո՞վ իշխանության բերեց Նիկոլ Փաշինյանին․վարչապետն արձագանքում է ընդդիմության մեղադրանքներին

Մարտ 10,2025 13:32

Խորհրդարանական ընդդիմադիր ուժերը, չնայած որ հայտարարել են, որ  իրենց գլխավոր խնդիրը Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է, սակայն փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում։ Գուցե այս ընդդիմադիր ուժերը 2026-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ պայքարում են գլխավոր ու վստահելի ընդդիմության տեղի ու  Ազգային ժողովում մանդատ ունենալու համար

Մի քանի օր է՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիմակիցները հրապարակային իրար մեղադրում են, թե ո՞վ բերեց իշխանության Նիկոլ Փաշինյանին։

«Ինձ իշխանության ոչ ոք չի բերել»․ ֆեյսբուքյան այս գրառմամբ այսօր Նիկոլ Փաշինյանն արձագանքել է երկրորդ և երրորդ նախագահների թիմակիցների հայտարարություններին։

«2018թ. Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը իշխանության է բերել Ժողովրդին:

Ես ընդամենը ժողովրդի իշխանության տեղապահն եմ եւ Ժողովուրդն ինձ ուրիշով կփոխարինի՝ երբ ցանկանա»,  գրել է Փաշինյանը:

Նա նաև գրել է․«Ընտրակեղծարար-ուզուրպատորնե՛ր, չմոռանաք ասել, թե ձեզ իշխանության բերողներն ինչի՞ համար են ձեզ իշխանության բերել Հայաստանի Հանրապետությունում: Դուք դա չեք ասի, ես ասեմ. որ Հայաստանի Հանրապետությունը երբեք անկախ պետություն չլինի, որ պետություն չլինի ընդհանրապես:

Որ հանգիստ սպասի նույնիսկ որպես ֆորմալ պետություն իր գոյությունը դադարեցնելու, լուծարվելու իրեն ուղղված հրահանգին եւ հնազանդ կատարի այդ հրահանգը:

Էն ինչ դուք անվանում եք դավաճանություն, այս պլանը չեղարկելու դժվար ու դաժան, բայց գնալով իրագործման ավելի մեծ հավանականություն ունեցող մեր փորձն է»:

Հիշեցնենք, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները կասկածներ են հնչեցնում, թե Փաշինյանի՝ իշխանության գալը պատահական չէր, նրանք հարցեր են հնչեցնում՝ ինչո՞ւ  Սերժ Սարգսյանը չփորձեց 2018-ին կանխել Փաշինյանի ղեկավարությամբ ըմբոստության ալիքը, ինչո՞ւ թողեցին, որ բողոքի ցույցերն այդ ծավալի հասնեն։

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը Փաշինյանի իշխանության գալու մասին հայտարարել է․«18 թվի հետ կապված հարցը միշտ լինելու է, որովհետև դրա հետ կապված չկա, կամ այն, ինչ կա, բավարար չէ շատ լայն, մեր ժողովրդի մի մեծ մասի համար, և դրանից բխող այս հարցերը միշտ լինելու են, միշտ այս հարցերն ինչ-որ տեղեր առաջ են բերվելու»։

Սերժ Սարգսյանի թիմակիցներն էլ հակադարձել են, թե 2018-ին Ռոբերտ Քոչարյանի մերձավորներն էին «Հանրապետության հրապարակում մերժում Սերժին: Այս մասին հայտարարել է «Պատիվ ունեմ»-ի պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ նկատի ունենալով Ռոբերտ Քոչարյանի եղբոր դստերը։  Նա նաև ասել է․«Չի կարելի փորձել ման գալ նիկոլաբերածին և նաև ենթատեքստով ասել՝ մենք մերժելու ենք նիկոլաբերածներին այն դեպքում, երբ ձեր մերձավորները, այն մարդիկ, ում հիմա համակիր եք անվանում, եղել են Հանրապետության հրապարակում»։

Ինչո՞ւ են ընդդիմադիր ուժերը միմյանց մեղադրում, չնայած, որ երկուսն էլ հայտարարել են, որ իրենց գլխավոր խնդիրը Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է։ Գուցե այս ընդդիմադիր ուժերը 2026-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ պայքարում են գլխավոր ու վստահելի ընդդիմության տեղի ու  Ազգային ժողովում մանդատ ունենալու համար։

Նորություններ