Գյումրիում առաջադրված ուժերի ընտրացուցակներում ընդգրկված անձանցից ոչ մեկի առաջադրումը հանձնաժողովը չի մերժել գրանցվել են իրենց բոլոր թեկնածուներով․ 31 ԸԸՀ նախագահ | Region

Գյումրիում առաջադրված ուժերի ընտրացուցակներում ընդգրկված անձանցից ոչ մեկի առաջադրումը հանձնաժողովը չի մերժել գրանցվել են իրենց բոլոր թեկնածուներով․ 31 ԸԸՀ նախագահ

Մարտ 10,2025 22:30

31 ԸԸՀ նախագահը հայտնում է, որ Գյումրիում առաջադրված բոլոր 9 քաղաքական ուժերը գրանցվել են իրենց բոլոր թեկնածուներով

Այսօր ավարտվել է Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին առաջադրված քաղաքական ուժերի գրանցման վերջնաժամկետը։ Թիվ 31 ԸԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը REGIONS TV-ին հայտնեց, որ առաջադրման հայտեր ներկայացրած բոլոր քաղաքական ուժերը, նաև նրանց ընտրացուցակներում ներառված բոլոր թեկնածուները գրանցվել են։ Ընտրացուցակներ ընդգրկված անձանցից ոչ մեկի առաջադրումը հանձնաժողովը չի մերժել։

Եվ այսպես, մարտի 30-ին Գյումրիում կայանալիք ավագանու արտահերթ ընտրություններին կմասնակցեն  6 կուսակցություն և 3 դաշինք։ Ավագանու 33 տեղի համար կպայքարի 372 թեկնածու։

«Միացյալ Հայաստան» և «Հայրենիք» կուսակցությունները հանդես կգան «Մեր քաղաքը» դաշինքով, որի 34 անձից կազմված ցուցակը  գլխավորում է  «Պատիվ ունեմ» խմբակցության ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։ Ցուցակի 2-րդ համարը Գյումրու նախկին ավագանու անդամ Սվետլանա Ադամյանն է, 3-րդը՝ Հովհաննես Գևորգյանը։

«Մայր Հայաստան» դաշինքի կազմում են «Ինտելեկտուալ Հայաստան» և «Իմ պայքար,  իմ հարենիք» կուսակցությունները։ 56 հոգանոց ցուցակը գլխավորում է գործարար Կարեն Սիմոնյանը, 2-րդ համարը լրագրող, մեկնաբան Դերենիկ Մալխասյանն է, 3-րդը՝ Աննա Մուրադյանը:

Իսկ «Հանրապետություն», «Հանուն Հանրապետության» եւ «Եվրոպական» կուսակցությունները հանդես կգան «Եվրադաշինք»  անվամբ, որի 25 թեկնածուից կազմված ցուցակը գլխավորում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, լրագրող Լևոն Բարսեղյանը, 2-րդ համարը փաստաբան Գայանե Գևորգյանն է, 3-րդը՝ ընտանեկան բուժքույր Անուշ Կարապետյանը։

«Հայաստանի կոմունիստական» կուսակցության 33 թեկնածուով ցուցակը գլխավորում է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, 2-րդ տեղում նրա փեսան է՝ Ավետիս Առաքելյանը, 3-րդ համարը զբաղեցնում է Լուսինե Անանյանը։

«Իմ հզոր համայնք» կուսակցության 40 թեկնածուով ցուցակը գլխավորում է պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, 2-րդ համարը զբաղեցնում է Վահե Կիրակոսյանը, 3-րդ տեղը՝ Սուսաննա Մկրտչյանը։

«Հայաստանի աշխատավորական–սոցիալիստական» կուսակցության 32  թեկնածուով ցուցակի առաջին համարը զբաղեցնում է երգիչ Արտյոմ Թումանյանը, 2-րդ համարը Բարսեղ Տիլեվերյանը, 3-րդ համարը՝ Աիդա Ղազարյանը:

«Ապրելու երկիր» կուսակցության 30 հոգանոց ցուցակը գլխավորում է Գյումրու նախկին ավագանու անդամ, «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը, 2-րդ համարը Հայկ Պողոսյանն է, 3-րդը՝ Գյումրու նախկին ավագանու անդամ Կալիպսե Ասատրյանը:

«Դեմոկրատական այլընտրանք»  կուսակցության ցուցակն ամենափոքրն է։ 23 հոգանոց ցուցակի առաջին տեղում գործարար Արտյոմ  Ղարաղազարյանն է, 2-րդ տեղում գործարար, ավագանու նախկին անդամ Գագիկ Ադամյանն է, 3-րդ տեղում՝ Սեդա Խաչատրյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակն ամենամեծն է։ 99 հոգանոց ցուցակը գլխավորում է Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը, 2-րդ համարը Վահագն Մկրտչյանն է, ով վարչապետի կնոջ մորաքրոջ թոռն է, 3-րդ համարը՝ Էմմա Բարսեղյանն է։

Տիգրան Ղազարյանի խոսքով, իրենք վաղվանից մինչև մարտի 12-ը, ժամը 18․00-ն պետք է նշանակեն Գյումրու տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներ։ Տեղամասային հանձնաժողովները բաղկացած են լինելու 8 անձից, նրանցից երկուսին նշանակելու է թիվ 31 ԸԸՀ-ն, 2-ական անդամներ էլ նշանակելու են Ազգային Ժողովի խմբակցությունները։

Հիշեցնենք, Գյումրիու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունները ավագանիում մանդատներ կստանան, եթե հավաքեն քվեարկությանը մասնակցած ընտրողների ձայների 4 տոկոսը, իսկ դաշինքները՝ 6 տոկոսը։

Կարինե Կազարովա  

Նորություններ