Ամենաուժեղներն արդեն նրան լուրջ մրցակից են համարում․ Ղազանչեցի համեստ տղան՝ Հայաստանի պատմության մեջ առաջինը

Պարադահուկավազորդ, Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերի մրցանակակիր Գարիկ Մելքոնյանը բնակվում է Շիրակի մարզի Ղազանչի գյուղում, մարզվում՝ Աշոցքում։ Տեղի դահուկասպորտի համալիրում նրա հետ մարզումներ է անցկացնում մարզիչ Ալլա Միքայելյանը։
Համալիրում, որը կառուցվել է 2019թ․-ին՝ ՀՀ-ում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկու միջնորդությամբ և եվրոպական կառույցի աջակցությամբ, մարզումներ են անցկացնում տարբեր տարիքային խմբերի մեր դահուկորդները:
Գարիկ Մելքոնյանը մեկ ձեռքը կորցրել է գյուղաշխատանքներ կատարելու ժամանակ, սակայն ուժեղ կամքի տեր պատանին չի վհատվել։ Նա իր երկվորյակ եղբոր հետ որոշել է զբաղվել դահուկասպորտով։ Մոտ 2 տարի մասնակցել է մարզումներին։ Հետագայում, ինչպես REGIONS TV-ին պատմում է մարզիչ Ալլա Միքայելյանը, որոշ ժամանակ դադար է տվել, սակայն կրկին վերադարձել է։
Գարիկի նորամուտը միջազգային մրցաշարերում նշանավորվեց բացառիկ հաջողությամբ։ Նա Հայաստանի պարադահուկավազքի պատմության մեջ առաջին անգամ երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Նորվեգիայում անցկացվող միջազգային վարկանիշային մրցաշարում։
Մարզիչներ Արթուր Միքայելյանի, Ալլա Միքայելյանի և Թադևոս Պողոսյանի սանը բրոնզե մեդալ նվաճեց 10 կմ դասական ոճ մրցատարածությունում։ Դա պարադահուկավազքում Հայաստանին բաժին հասած առաջին մեդալն էր։
Գարիկ Մելքոնյանը բրոնզե մեդալ է նվաճել նաև Իտալիայի Թուրին քաղաքում ընթացող Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերում: Նա պարադահուկավազքի 10 կմ ազատ ոճում նվաճել է Հայաստանի առաջին մեդալն այդ խաղերում:
Այս օրերին մեր մարզիկը նախապատրաստվում է 2026 թ․-ին Միլանում և Կորիտինայում կայանալիք ձմեռային Պարալիմպիկ խաղերին:
Մանրամասները՝ REGIONS TV-ի տեսանյութում։