«Ով նստավ աթոռին, Աբիսողոմ աղայի նման, խիղճը գրպանը դրեց»․ գյումրեցիները՝ ընտրությունների մասին

Գյումրիում ՏԻՄ ընտրությունները վերջին ավելի քան 10 տարիներին աչքի են ընկել թեկնածու ուժերի քանակական ակտիվությամբ։ 2016 թվականին Գյումրիում համայնքային իշխանություն ձևավորելու համար պայքարում էր 11, 2021 թվականին՝ 10, իսկ հիմա պայքարի է դուրս եկել 9 քաղաքական ուժ։
Նախընտրական այս քարոզարշավը նախորդներից տարբերվում է նրանով, որ հիմա ավելի շատ հնչում են պոպուլիստական հայտարարություններ, քան ներկայացվում ծրագրային դրույթներ, իսկ թեկնածուների միջև անհանդուրժողականությունն ու միմյանց հասցեին անպարկեշտ, վիրավորական խոսքեր հնչեցնելը սովորական երևույթ է դարձել։
Քաղաքական ուժերի ակտիվությանը հակառակ, ամեն ՏԻՄ ընտրությունից հետո, քվեարկության մասնակիցների թիվը գնալով նվազել է։
2012 թվականի Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ցուցակներում ընդգրկված ընտրողների 36,4 տոկոսը, 2016 թվականին՝ 36,25 տոկոսը, իսկ 2021 թվականին՝ 24,14 տոկոսը։
Թեկնածուները ընտրողներին հաճոյանալու հնարքներ են շարունակում բանեցնել, տարիների չարածը փորձում են 1 ամսում անել․ փողոցներ խճապատել, շներ ստերջացնել, թաղեր այցելել ու տասնյակ տարիներով լուծում չստացած խնդիրների մասին նորից խոսել՝ հերթական անգամ ոսկե սարեր խոստանալով։ Ընտրողներն էլ հիմնականում հիասթափված են, բայց լավատեսորեն են տրամադրված, ոմանք դեռ ակնկալիքներ ունեն։
REGIONS TV-ի՝ Գյումրիում անցկացրած հարցումները՝ ստորև։