Արթուր Նահապետյանը կնշանակվի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում կնշանակվի Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Նահապետյանը։
Այս մասին քիչ առաջ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա սոցիալական ցանցերում գրառում է կատարել, նշելով․«Սիրելի ժողովուրդ, նախորդ օրերին երկուական առանձին հանդիպումներ եմ ունեցել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների հարցազրույցի փուլը անցած բոլոր երեք թեկնածուների՝ Պետրոս Մարտիրոսյանի, Արթուր Նահապետյանի, Գեւորգ Քոչարյանի հետ։
Քննարկումների արդյունքում որոշում եմ կայացրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակելու համար Կառավարությանն առաջարկել Արթուր Նահապետյանի թեկնածությունը, ով թե՛ հանրագումարով, թե՛ բարեվարքությամբ առավելագույն միավորներն է հավաքել մրցույթային փուլում։ Նաեւ, շնորհակալություն եմ հայտնում Պետրոս Մարտիրոսյանին եւ Գեւորգ Քոչարյանին արդյունավետ եւ օգտակար քննարկումների համար»։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար դիմել էր 5 թեկնածու՝ փաստաբան Կարեն Բատիկյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երրորդ վարչության ՀԿԳ ավագ քննիչ Արտաշես Մաիլյանը, Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Նահապետյանը և Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով ավագ դատախազ Գևորգ Քոչարյանը։ 13 ժամ տևած մրցույթից հետո հանձնաժողովի կողմից ամենաշատ ձայներ են հավաքել Արթուր Նահապետյանը, Պետրոս Մարտիրոսյանը և Գևորգ Քոչարյանը։
Արթուր Նահապետյանը Քննրական կոմիտեի նախագահի տեղակալ էր նշանակվել այս տարվա հունվարին։
Ծնվել է 1990թ. սեպտեմբերի 07-ին, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում: Աշխատանքային գործունեություն 2023-2025թթ.` Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր, III-VI.2023թթ.` Վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր, 2020-2023թթ.` ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի բաժնի պետ, ապա՝ դեպարտամենտի պետի տեղակալ, 2019-2020թթ.` ՀՀ պետական վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետի տեղակալ, 2018-2019թթ.` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչության թիվ 1 բաժնի պետ, 2017-2018թթ.` «Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի «Իրավագիտության և քաղաքագիտության» ամբիոնի դասախոս, 2015-2018թթ.` Շիրակի մարզի դատախազության դատախազ, ապա՝ մարզի դատախազի տեղակալ, 2014-2015թթ.` ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, 2011-2014թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչ, Գյումրի քաղաքի Կումայրիի քննչական բաժանմունքի քննիչ, ապա՝ ավագ քննիչ:
Կրթություն 2011թ. ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, ապա՝ 2015թ-ին նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Պարգևներ Պարգևատրվել է գերատեսչական տարբեր պարգևներով, 2025 թվականի հունվարի 9-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով շնորհվել է արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան: Այլ տվյալներ Ամուսնացած է, ունի մեկ երեխա: