Երևանում բնակարաններ, ոսկյա և ադամանդյա զարդեր, ֆիլիպինյան պեսո, միլիոնավոր դրամներ, պարտատոմսեր, վարկեր, ավանդներ․ Գյումրու քաղաքապետի թեկնածուների ունեցվածքը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Գյումրու արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի և թեկնածուների գույքի և եկամուտների մասին հայտարարագրերը։
Ավտոմեքենաներ, անշարժ գույք, ոսկյա և ադամանդյա զարդեր, ֆիլիպինյան պեսսո, միլիոնավոր դրամներ, հազարավոր դոլարներ ու եվրոներ․ թեկնածուները, կարելի է ասել, բավականին ունևոր են, ամենահամեստը, թերևս, «Ապրելու երկիր» կոսակցության թեկնածու Կարեն Մալխասյանն է՝ ըստ հայտարարագրի, իսկ «ամենա ոչ ունևորը»՝ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության թեկնածու Արտյոմ Ղարաղազարյանն է։
Ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել ընտրապայքարի դուրս եկած քաղաքպետի թեկնածուները, REGIONS TV-ն ներկայացնում է ըստ քվեաթերթիկում քաղաքական ուժերի ունեցած հերթական համարների։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը հայտարարագրել է մոտ 100 քառակուսի մետր բնակմակերեսով բնակարան Գյումրու Տիգրան Մեծի պողոտայում, որը համատեղ սեփականություն է, միանձնյա սեփականատեր է «MERSEDES BENZ» մակնիշի S 550 և E 320 սերիաներով 2 ավտոմեքենայի։ Սարիկ Մինասյանի տարեկան եկամուտը նախկին աշխատավայրում ՝ Միասնական սոցիալական ծառայությունում կազմել է 4 մլն 858 հազար դրամ, իսկ Գյումրու քաղաքապետարանից ստացել է 497․000 դրամ աշխատավարձ։ Ունի 3 մլն 300 հազար դրամի վարկային պարտավորություն։ Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Սարիկ Մինասյանն ունեցել է 19 մլն ՀՀ դրամ, 3500 եվրո և 6000 ԱՄՆ դոլար կանխիկ գումար։ Նա բանկերից մեկում ունի նաև 20 հատ պարտատոմս՝ 200․000 ՀՀ դրամ կազմող։
«Հայաստանի Կոմունիստական կուսակցության» քաղաքապետի թեկնածու, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով այժմ գործազուրկ է, հայտարարագրել է 4 անշարժ գույք, այդ թվում՝ հողատարածք Գյումրու Վարդբաղ թաղամասում և նկուղային հարկի հետ միասին մոտ 43 քառ․ մետր մակերեսով բնակելի տուն՝ նույն թաղամասում։ Այս 2 գույքն էլ նա տնօրինում է համասեփականությամբ։ Ըստ հայտարարագրի՝ Վարդան Ղուկասյանը ընդամենը 2 գույքի միանձնյա սեփականատեր է՝ Գյումրու շուկայամերձ հատվածում գտնվող առևտրի համալիրի և Մայակովսկու փողոցում գտնվող մոտ 588 քառակուսի մետր մակերեսով բնակելի տան։ Նա հայտարարագրել է մարդատար 1 ավտոմեքենա՝ «BMW 760 Li» մակնիշի։
Վարդան Ղուկասյանը որպես թանկարժեք գույք հայտարարագրել է ոսկյա ժամացույց, ադամանդե մատանիներ, ոսկյա խաչ՝ ապարանջանով, ամբողջը՝ ավելի քան 6 մլն 500 հազար դրամ արժեքով։ Նա թոշակառու է, հայտարարագրել է 530․000 դրամ թոշակ։ Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Վարդան Ղուկասյանն ունեցել է 4 մլն ՀՀ դրամ, 6000 եվրո, 3500 ԱՄՆ դոլար, «Ալեքպոլ» ՍՊԸ-ից /Ալեքսանդրապոլ հյուրանոց/ նա ունի 50 տոկոս բաժնեմաս։
Քվեաթերթիկում 3-րդ համարը «Ապրելու երկիր» կուսակցությունն է, որի քաղաքապետի թեկնածու Կարեն Մալխասյանը եղել է Գյումրու ավագանու անդամ։ Նա միանձնյա սեփականատեր է 320 քառակուսի մետր մակերեսով բնակելի տան՝ Գյումրու Աբովյան փողոցում։ Նա շարժական, թանկարժեք գույքեր, եկամուտներ, արժեթղթեր և այլ ներդրումներ չունի։ Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 4 մլն 825 հազար դրամ գումար։
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը քվեաթերթիկում 4-րդ համարն է, որի քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը Գյումրու «Քարհատ մեքենա» ՓԲԸ տնօրենն է և նույն ընկերության բաժնեմասի 100 տոկոս սեփանականատերը, «Կումայրի գրուպ»-ի (50 տոկոս բաժնեմաս, հեղ․) և «Էկոնովա»-ի համահիմնադիրն է (բաժնեմասերի 100 տոկոս, հեղ․)։
Նրա եկամուտները «Քարհատ մեքենա» ՓԲԸ-ից կազմել են 2 մլն 400 հազար դրամ, իսկ «Կումայրի գրուպ» ՍՊԸ-ից նրա շահաբաժինը՝ 6 մլն 100 հազար դրամ է։ Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 1 մլն ՀՀ դրամ՝ անկանխիկ դրամական միջոցներ, իսկ կանխիկ միջոցները կազմել են 150 մլն դրամ, 15․000 ԱՄՆ դոլար, 8000 եվրո և 980․000 ռուսական ռուբլի։ Նա 120 քառակուսի մետր մակերեսով համատեղ սեփականության իրավունքով բնակարան ունի Գյումրու Պարույր Սևակի փողոցում, միանձնյա սեփականությամբ՝ 3 արտադրամաս, 1 կաթսայատուն։ Միանձնյա սեփականությամբ տնօրինում է նաև «BNW X5 DRIVE» մակնիշի ավտոմեքենան։
«Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունը քվեաթերթիկում 5-րդ համարն է, որի քաղաքապետի թեկնածու Արտյոմ Թումանյանն է, նա «Ազգային Անվտանգային Վերահսկողական Կոմիտե» ՀԿ-ի նախագահն է։ Նա անշարժ, շարժական և թանկարժեք գույքեր չի հայտարարագրել, ունի բանկային ավանդներ, որոնցից ստացած եկամուտը կազմում է մոտ 400․000 դրամ, որպես նվիրատվություն նա ունի տերմինալից մուտքեր 3 մլն 200 հազար դրամի չափով, հայտարարագրել է նաև 130․000 դրամի նվիրատվություն Դավիթ Թումանյանից, ինչպես նաև 554 ԱՄՆ դոլար տան վարձակալությունից։ Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Արտյոմ Թումանյանն ունեցել է 10 մլն դրամ գումար, արժեթղթեր և այլ ներդրումներ չունի։
«Եվրադաշինք> կուսակցությունների դաշինքը 6-րդ համարն է քվեաթերթիկում։ Դաշինքի քաղաքապետի թեկնածու Լևոն Բարսեղյանը Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ծրագրերի ղեկավարն է։ Նա հայտարարագրել է մոտ 4 մլն 534 հազար դրամ աշխատավարձ «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ից, «Լևոն Բարսեղյան» ԱՁ-ից մուտք՝ մոտ 9 մլն 651 հազար դրամ, YouTube-ի գովազդից եկամուտ՝ 1․736 ԱՄՆ դոլար, Արմեն Բարսեղյանից և Սամվել Ագիկյանից նվիրատվություն՝ ընդհանուր 4 մլն 50 հազար դրամ։ Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Լևոն Բարսեղյանն ունեցել է 29 մլն 140 հազար ՀՀ դրամ, 4200 եվրո, 3530 ԱՄՆ դոլար, 58 ֆիլիպինյան պեսո։
Լևոն Բարսեղյանն ունի 94,38 քառակուսի մետր մակերեսով սեփական բնակելի տուն Գյումրիի Մադոյան փողոցում, նույն հասցեում նաև 44,32 քառակուսի մետր հողամաս, 182 քառակուսի մետր մակերեսով հողամաս և շինություն Թբիլիսյան խճուղիում, ընդհանուր մոտ 2 հա հողամաս էլ ունի Լոռու մարզի Վահագնի գյուղում։ Լևոն Բարսեղյանը հայտարարագրել է 3 ավտոմեքենա, երեքն էլ FORD մակնիշի։ Որպես թանկարժեք գույք նա հայտարարագրել է սեփական գծանկարների հավաքածուն, որը գնահատվում է 22 մլն դրամ, գրքերի հավաքածուն, գրադարանը՝ 18,5 մլն դրամ արժեքով, հնաոճ իրերի հավաքածուն՝ 9 մլն դրամ, մետաղադրամների հավաքածուն՝ 8 մլն դրամ։
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը քվեաթերթիկում 7-րդ համարն է, քաղաքապետի թեկնածուն՝ Արտյոմ Ղարաղազարյանը, գործազուրկ է։ Նա իր անունով անշարժ գույք չունի, հայտարարագրել է 6 շարժական գույք, որից 2-ը մարդատար ավտոմեքենաներ են՝ «Wolkswagen Vento 1.8» և «OPEL VECTRA» մակնիշների, 1 ավտոբուս՝ «Mersedes Benz 0403», 2 բեռնատար՝ «Ford Tranzit» և « Mersedes Benz ACTROS 1845» մակնիշների և բեռնատարի 1 կցորդիչ: Թեկնածուն թանկարժեք գույք չի հայտարարագրել։ Որպես եկամուտ ներկայացրել է 104․000 դրամ աշխատավարձ «Բնաքար տուֆ» ՍՊԸ-ից։ Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Արտյոմ Ղարաղազարյանն ունեցել է 210․000 դրամ գումար, արժեթղթեր և այլ ներդրումներ չունի։
«Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքը 8-րդն է ընտրացուցակում։ Դաշինքի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր է։ Նա միանձնյա սեփականատեր է 534 քառակուսի մետր մակերեսով բնակելի տան, որը գտնվում է Գյումրու Լալայան փողոցում, նույն հասցեում ունի նաև 0,065 հա հողամաս, Տիգրանյանի փողոցում մոտ 1 հա հողամասի համասեփականատեր է։ Մարտուն Գրիգորյանը ունի 3 անշարժ գույք Երևանում, 2-ը՝ 53-ական քառակուսի մետր մակերեսով բնակարաններ են Գրիբոյեդովի փողոցում, 3-րդը՝ նույն փողոցում 17 հա մակերեսով ավտոկայանատեղի է։ Շարժական և թանկարժեք գույքեր նա չի հայտարարագրել։ Եկամուտը միայն ԱԺ պատգամավորի աշխատավարձն է՝ մոտ 570․000 դրամ։ Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Մարտուն Գրիգորյանը ունեցել է 190 մլն ՀՀ դրամ և 20․000 ԱՄՆ դոլար, արժեթղթեր և այլ ներդրումներ չունի։
Քվեաթերթիկի վերջին համարը զբաղեցնում է «Իմ հզոր համայնք» կուսակցությունը, որի քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը «Վառուվի» ՍՊԸ տնօրենն է։ Նա 340 քառակուսի մետր մակերեսով առանձնատան սեփականատեր է Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում, շարժական, թանկարժեք գույքեր չի հայտարարագրել։ Նրա եկամուտները «Վառուվի» ՍՊԸ-ից են, աշխատավարձի տեսքով՝ 3 մլն 20 հազար դրամ, և շահաբաժին՝ 43 մլն 950 հազար դրամ։ Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Ռուբեն Մխիթարյանն ունեցել է 41 մլն ՀՀ դրամ և 67․000 ԱՄՆ դոլար, արժեթուղթ և այլ ներդրում չունի։
Կարինե Կազարովա