Գյումրու քաղաքապետի աթոռի համար պայքարող «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախընտրական ցուցակի 23 թեկնածուներից 14-ը գործազուրկ են

Նախընտրական ցուցակում ընդգրկված են մարզադպրոցի մարզիչներ, ավագանու նախկին անդամ, մարզադպրոցների աշխատակիցներ
Գյումրու ՏԻՄ արտահերթ ընտրություններին «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը մասնակցում է 23 թեկնածուով։ Ցուցակը գլխավորում է այս պահին գործազուրկ Արտյոմ Ղարաղազարյանը։ Քաղաքապետի թեկնածուն անկուսակցական է։ Ինչպես պարզվում է իր ներկայացրած հայտարարագրից, նա չունի իր անունով որևէ անշարժ գույք։ Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Արտյոմ Ղարաղազարյանը որպես եկամուտ ներկայացրել է ընդամենը 104 հազար դրամ աշխատավարձ «Բնաքար տուֆ» ՍՊԸ-ից։
Համեմատաբար ավելի ծավալուն ու հայտնի է ցուցակի երկրորդ համար Գագիկ Ադամյանի աշխատանքային կենսագրությունը։ Այս պահին անկուսակցական թեկնածուն նախկինում երեք անգամ եղել է ավագանու անդամ՝ երկու անգամ Վարդան Ղուկասյանի, մեկ անգամ էլ Սամվել Բալասանյանի ղեկավարման տարիներին։ Այս պահին անհատ ձեռնարկատերը «Մարատ Ստեփանյան» Ա/Ձ-ի և «Գագիկ Ադամյան» ԱՁ-ների գործերի կառավարիչն ու տնօրենն է, ղեկավարում է նաև «Ապավեն ԲԿ»-ն։
Ընտրական ցուցակի մյուս անդամները համեմատաբար ակտիվ հասարակական գործունեություն չեն ծավալում։ Նախընտրական ցուցակում ընդգրկված Արման Մկոյանը մարզում բավականին մեծ ճանաչում վայելող «Կանաչ Կիրճ» ԱՁ-ի մենեջերն է։ Նախընտրական ցուցակում ընդգրկված Հրանուշ Գևորգյանը՝ «Դա Մարքեթինգ» ՍՊԸ-ի Թվային մարքեթինգի մասնագետ է։
Կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված են նաև մի քանի մարզադպրոցների մարզիչներ կամ այլ աշխատակիցներ։ Ցանկում ընդգրկված Անդրանիկ Խաչատրյանը աշխատում է «Մարզիկ 95» ԱԿ-ում, «Արամ Խաչատրյան» ԱՁ-ի մենեջերն ու տնօրենն է, Հարություն Քալեմջյանն էլ մարզիչ է ՀՀ ԿԳՄՍ «Մանկապատանեկան մարզադպրոց ՊՈԱԿ»-ում։
Կուսակցության ցուցակում մարզադպրոցների մարզիչների նման թվաքանակը գուցե պայմանավորված է այն հանգամանքով, որ կուսակցության առաջին համար Արտյոմ Ղարաղազարյանը 2010-2020 թվականներին եղել է «Հայաստանի ավանդական ուշու»-ի ֆեդերացիայի փոխնախագահը։
Կուսակցության կողմից ներկայացված ցանկի առաջին հինգ համարներից այս պահին պաշտոնապես չեն աշխատում երեքը, իսկ ընդհանուր առմամբ ցուցակում ներկայացված 23 թեկնածուներից 14-ը գործազուրկ են։
Նիկոլ Մարգարյան