Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայերի | Region

Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայերի

Մարտ 20,2025 12:51

Կառավարության շենքի դիմաց, գործադիրի նիստին զուգահեռ, բողոքի ակցիա է՝ ի պաշտպանություն Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայերի։

«ՀՀ արտաքին քաղաքական գլխավոր օրակարգը պետք է դառնա հայ գերիների վերադարձը», -պնդեցին հավաքվածները։ «Գերիների հարցը ոչ թե պետք է դառնա երկկողմանի քննարկման առարկա, այլ նախապայման Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար»,-հայտարարեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Եթե նույնիսկ Հայաստանի կառավարությունը, ինչպես վստահեցնում են, լուռ աշխատանք տանում է գերիներին վերադարձնելու հարցով, այն փաստը, որ գերիները չեն վերադառնում, արդեն խոսում է նրանց անարդյունավետ աշխատանքի մասին»,-ընդգծեց Առաքելյանը։ Նրա խոսքով՝ կառավարությունն այս հարցը կարող էր լուծել նաեւ խաղաղության համաձայնագրի շրջանակում․ եթե միջազգային ատյաններից հայցերը հետ են քաշվում, ըստ Առաքելյանի, կարող է նաև ներքին հայցերի հետքաշման պահանջ դրվել, և այդպիսով հայրենիք վերադարձնել գերիներին։

«Հայաստանը միջազգային հանրությունից պետք է պահանջի հստակ պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի իշխանության նկատմամբ, մասնավորապես այն անձանց նկատմամբ, որոնք ներգրավված են հայ գերիների առևանգման ու կեղծ դատավարության բեմականացման մեջ»,-ավելացրեց Առաքելյանը։

Ակցիայի մասնակիցները նշեցին՝ Հայաստանի կառավարության քաղաքականությունն է պատճառը, որ հայ գերիները հայտնվել են Բաքվի բանտերում։ «Նիկո՛լ, դու ես գերիներին հանձնել, դու էլ պիտի վերադարձնես, դու ես Արցախը հանձնել թուրքին, դու էլ պիտի վերադարձնես»,–հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը՝ դիմելով ՀՀ վարչապետին։

Նորություններ