Բոլոր ուժերը բավարարել են օրենքի ֆորմալ պահանջը, սակայն ամենից քիչ կանայք ներկայացված են Դեմոկրատական այլընտրանք

«Ականատես» դիտորդական առաքելությունն իրականացրել է Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների մասնակից ուժերի նախընտրական ցուցակների վերլուծություն չորս ուղղություններով՝ սեռ, տարիք, կուսակցական պատկանելիություն և զբաղվածություն։
Ըստ Ընտրական օրենսգրքի՝ ընտրական ցուցակի 1-ին համարից սկսած` ցանկացած ամբողջ թվով եռյակներում (1-3, 1-6, և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70 տոկոսը:
Ընտրական ցուցակների վերլուծությունը ցույց է տալիս, որ բոլոր ուժերը բավարարել են օրենքի ֆորմալ պահանջը։ Սեռերի ամենաբալանսավորված ցուցակը Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությանն է։ Ամենից քիչ կանայք ներկայացված են Դեմոկրատական այլընտրանք կուսակցության ցուցակում։
Հատկանշական է, որ մասնակից ուժերի մեծամասնության ընտրական ցուցակների ամեն եռյակում (1-3; 4-6 և այլն) կանայք երրորդ տեղում են։ Բացառություն են «Մեր քաղաքը» դաշինքը, որի ցուցակի 1-3 և 4-6 համարներում կանայք երրորդ տեղում չեն, այլ համապատասխանաբար՝ երկրորդ և չորրորդ տեղերում և «Եվրադաշինքը», որի ցուցակը միակն է, որտեղ առաջին եռյակում կանայք մեծամասնություն են՝ երկրորդ և երրորդ համարները։
Կարևոր է ընդգծել, որ որևէ ուժ չունի առաջին համարի կին թեկնածու։
Վերլուծությունը հիմք է տալիս ենթադրելու, որ ուժերի մեծամասնությունը պարզապես բավարարել է օրենքի պահանջը և կանանց ներկայացվածության ու մասնակցության հրամայականը քաղաքականությունում շարունակում է առաջնահերթություն մնալ։