Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանին այսօր հրավիրել են Քննչական կոմիտե

«Բռնելոցին սկսվեց!!!!))) Սարի՞կ))) Շատ արդար պայքարի մեջ ես, հալալ լինի))) Բոլորին ուղարկի վրեքս:)) Քննչականի օգնությունը գլխիցդ անպակաս:)) Չեմ էլ հիշում, ջրծաղիկի պատվաստում փոքր ժամանակ արել եմ, թե չէ:)) Ավանեսյանին էլ ուղարկի վրես:))) Սարիիիիկ))) Քաղքի տղա, լա՞վ ես:)))»․այս մասին սոցիալական ցանցում գրել է Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող «Իմ հզոր համայնք» կուսակցության քաղաքապետի թեկնածու, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը։
Նրան այսօր երեկոյան ժամը 18:00-ին հրավիրել են Քննչական կոմիտե։
Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել Ֆոյսբուքի իր էջում, որտեղ ներկայացնում է քննիչի հետ իր հեռախոսազրույցը։ Այս հեռախոսազրույցում մի կին ներկայանում է որպես քննիչ՝ Դավթյան ազգանունով, ապա տեղեկացնում, որ 2024 թվականի մայիսին պարեկային ծառայության աշխատակիցները արձանագրություն են կազմել, ըստ որի Ռուբեն Մխիթարյանը մեքենա է վարել՝ չունենալով վարորդական իրավունք։
«Կգաք, տեղում հարցը կպարզենք»,-ասում է քննիչն ի պատասխան Մխիթարյանի հայտարարության, որ չի հիշում նման դեպք։ Մխիթարանն ասում է, որ չգիտի, թե դա ինչ ակտ է, և որ ինքը վաղուց ունի վարորդական իրավունք, որը միշտ իր մոտ է։ Ապա թեկնածուն հայտնում է, որ փաստաբանը կապ կհաստատի քննիչի հետ։