10 տարուց ավելի Գյումրին ղեկավարած Վարդան Ղուկասյանը դժգոհեց՝ 37 տարի է ասում ենք՝ Գյումրիում աշխատատեղեր ու գործարաններ են պետք | Region

10 տարուց ավելի Գյումրին ղեկավարած Վարդան Ղուկասյանը դժգոհեց՝ 37 տարի է ասում ենք՝ Գյումրիում աշխատատեղեր ու գործարաններ են պետք

Մարտ 21,2025 16:51

 Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանն այսօր քարոզարավի ժամանակ հայտարարեց՝ համալսարանները պետական բյուջեից ավելի շատ գումար են ստանում, քան 157,000 բնակիչ ունեցող Գյումրին, 1915 թվականին Ալեքսանդրապոլում ավելի շատ գործարաններ կային, քան 21-րդ դարի Գյումրի քաղաքում։

«Եկել եմ ասելու, թե ինչն է պատճառը, որ 13 տարի զբաղեցրել եմ Գյումրու քաղաքապետի պաշտոնը, և նորից առաջադրել եմ իմ թեկնածությունը։ Եթե ինձ մնար, ես չէի առաջադրի իմ թեկնածությունը, որովհետև ես իմ սուրը փառքով դրել էի պատյանը»,-այսօր նախընտրական քարոզարշավում իր ելույթն այսպես սկսեց Գյումրու նախկին քաղաքապետ, արտահերթ ընտրություններում ՀԿԿ ցուցակով Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը։
Նա հայտարարեց՝ Հայաստանի և Գյումրու ներկայիս իրավիճակը պարտադրում է դիմել նման քայլի, ասաց, որ սա միայն Գյումրու քաղաքապետի ընտրություններ չեն․«Այստեղից ծագելու է Հայաստանի փոփոխությունը և երկրի ղեկը»։

Նա անդրադարձավ վերջին տարիների և օրերի իրադարձություններին, հիշեցրեց Խաղաղության համաձայնագիրը․«Տեսնելով, թե Արցախը ինչ ձևով հանձնեցին թուրքին, ինչ պայմանագիր են կնքել, 5 միլիարդ դոլարի զենքը թողեցին թուրիքն, եկեղեցիներն ու գործարանները թողեցին թուրքին, Հայաստանի Հանրապետության տարածքներից զիջել են թուրքին, պայմանագիր են կնքել, բայց ժողովուրդը տեղյակ։ Այս ամեն ինչի մեջ եթե մենք լռենք, ապա քարերը պիտի աղաղակեն»։

Վարդան Ղուկասյանի խոսքով՝ երկրի վարելահողերի 60%-ը չի օգտագործվում, եթե որևէ երկրում նման բան տեղի ունենա, այդ ղեկավարությունը պետք է արագ հեռացվի երկրից։ Ըստ նրա՝ իշխանությունը դիտավորյալ փակեց  գյուղատնտեսության նախարարությունը։

13 տարի Գյումրին ղեկավարած քաղաքապետը դժգոհեց՝ 37 տարի է՝ բարձրաձայնում է, որ Գյումրիում աշխատատեղեր ու գործարաններ են պետք, բայց ոչինչ չի արվում․«Գործարաններ ու աշխատատեղեր բացելու համար իրենք ասում են՝ մենք ոչ մի բան չունենք անելու, պետք է ժողովուրդն իր համար աշխատատեղ ստեղծի, մենք էլ պիտի գանք, հարկերը հավաքենք։ Մենք ասում ենք՝ 37 տարի է անցել երկրաշարժից հետո, Քրքորյան չունենք, որ գա էստեղ գործարան ստեղծի։ 1915 թվականին Ալեքսանդրապոլում ավելի շատ գործարաններ կային, քան 21-րդ դարում Գյումրի քաղաքում։ 37 տարի բարձրաձայնում ենք, բայց «Ձայն բարբաո, հանապատի։ Գոնե անհատներին հնարավորություն տվեք, միջնորդեք, ասեք՝ եթե այս գործարանը ստեղծեք, սրա արտադրանքը կվաճառվի Հայաստանում, բանակը կդառնա ձեր շուկան»։ Ղուկասյանն ասաց, որ պետությունը ձեռքերը ծալել է, և ոչ մի բանի մոտիկ չի գալիս։

«0,25 տոկոս վարկերը, որ ամբողջ աշխարհը պտտվել է ու Հայաստանը ստացել է, բաժանել են իրար մեջ, իրանց հարազատներին են տվել ու ստեղծել են բանկեր։ «Եթե դու եկել ես գողոնը հետ վերադարձնելու, դրա համար ենք քեզ ձայն տվել, ես էլ եմ տվել՝ չորանար այս ձեռքը, դե բարձրաձայնի՝ ովքեր են ստացել վարկերը։ Բանկերն էլ սովորական քաղաքացիներին 18- 25 տոկոս վարկ են տալիս»,-ասաց թեկնածուն։

Ղուկասյանը մեկ այլ խնդրի առնչությամբ էլ դժգոհություն հայտնեց, ասաց՝ Երևանի  բնակիչն ավելի լավ է ապրում, քան ՀՀ բոլոր համայնքների բնակիչները։ Ասաց, որ բժշկական ու այլ համալսարանները պետական բյուջեից ավելի շատ գումար են ստանում, քան 157,000 բնակիչ ունեցող Գյումրին։

Ինչպես իր քարոզարշավի նախորդ օրերին, այս օր էլ Ղուկասյանն անդրադարձավ հայ-ռուսական հարաբերություններին․«Բոլորը խաբում են, ուզում են ռուսներին հանել այստեղից ու թուրքերին բերեն, լցնեն Հայաստան։ Գիտեցեք։ Էսքան բանը կատարածների անունը ինչ կարել է դնել, եթե ոչ դավաճանություն»։

Հետո Սիրիային անդրադարձավ, ասաց, թե նույնը կատարվելու է Հայաստանում։ Ու այս իրավիճակն է, ըստ Ղուկասյանի, իրեն դրդել իր թեկնածությունն առաջադրել, ուզում է փրկել Հայաստանը։

Էլի հիշեցրեց, թե իր կառավարման օրոք ինչքան բնակարան է կառուցվել․« Երբ ես դուրս եկա, 500 բնակարանի գումարը հանձնեցի նախկիններին, այդ բնակարանների ֆունդամենտն արդեն կա, բայց մինչ օրս ոչ մի բնակարան չի կառուցվել»։

Խոստացավ, որ ընտրվելու դեպքում քաղաքապետարանի, սպորտի, կրթության, մշակույթի ոլորտի աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 50%-ով ու ավելին։

Ըստ թեկանծուի, նախկին իշխանությունների վատ կառավարման հետևանքով քաղաքում 10,000-ից ավելի ապօրինի շինություններ դեռ կան․ «Մարդիկ ցանկանում են օրինականացնել դրանք՝ հարկ վճարելու համար, բայց իշխանությունները չեն անում այդ քայլերը, իսկ այդ ամենը խոչընդոտում է բյուջեի աճին։ Մեզ քթածակով քաղաքապետ է պետք»։

Ելույթի վերջում մեղադրեց նախկիններին էլ, ներկաններին էլ, Ղուկասյանն ասաց, որ երկիրը կործանման են տանում նախկին և ներկա չինովնիկները․« Պետությունը պետք է հոգ տանի իր ժողովրդի մասին։ Եվ հակաժողովրդական որոշումներից զատ, բացի անարդարությունից, մենք ոչինչ չենք տեսնում պետությունից»։

Սյուզաննա Խառատյան

Նորություններ