Սահմանին ադրբեջանական կողմից զորքերի տեղաշարժ չկա․Պապիկյան

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադառնալով ադրբեջանական ապատեղեկավությանը, իբր թե հայկական կողմը կրակ է բացել Ադրբեջանի դիրքերի ուղղությամբ, ասաց՝ պետք են տեսագրություններ, քանի որ մեղադրողը մենք չենք, այլ մեր հարեւանը, դրա համար մենք ասում ենք՝ եթե ունեք ապացույցներ, տեսանյութեր, տրամադրեք մեզ, մենք պատրաստ ենք ուսումնասիրել, հետաքննել։
Նախարարը հայտնեց, որ մինչ օրս Հայաստանը չի ստացել նմանատիպ արձագանք։
Հարցին՝ ինչո՞ւ ՀՀ ՊՆ-ն ապացույցներ չի ներկայացնում, որ Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում, Պապիկյանը պատասխանեց՝ չեղած բանի ի՞նչը ապացուցենք․« Եթե կլինեն փաստեր, մենք պատրաստ ենք ուսումնասիրել, հետաքննել»։
Նա նաև վստահեցրեց, որ սահմանին ադրբեջանական կողմից զորքերի տեղաշարժ չկա։
Արդյոք Ադրբեջանի կողմից զորքերի կուտակումներ կա՞ն, այս հարցին էլ նախարարն այսպես պատասխանեց․ «Որպեսզի նման գնահատական տամ, պետք են հետախուզական տվյալներ։ Այս պահին գետնի վրա նման երևույթ տեսանելի չէ։ Մամուլում առկա ապատեղեկատվությունն այն մասին, որ տեղի են ունենում կուտակումներ, զորքերի տեղաշարժեր, ՊՆ-ն չի հաստատում»։
Այսօր սոցիալական ցանցում «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքում գրել է․« Ամբողջ գիշեր ադրբեջանական կողմը ինտենսիվ կրակոցներ է արձակել Սոթքի հատվածում»։
Լրագրողները ՊՆ նախարարից հետաքրքրվեցին՝ Սոթքի հատվածում կրակե՞լ են։ Ի պատասխան այս հարցի, նախարարն ասաց, որ բոլոր վտանգավոր կրակոցները, խախտումները, որոնք ուղղված են մեր դիրքերի վրա, ՊՆ-ի հաղորդագրություններում տեղ են գտնում։
Նախարարի ու նախարարության՝ Սոթքում կրակոցների մասին հերքումից հետո Մեսրոպ Առաքելյանը կրկին սոցիալական ցանցում գրառում է կատարել, նշելով, որ ինքը չի ստում․«Իշխանության ներկայացուցիչներին պաշտոնապես հրավիրում եմ միասին գնալ Սոթք` պայմանով, որ եթե ես ապացուցում եմ, որ գիշերը կրակոցներ են եղել, ապա դուք հրաժարական եք տալիս և դուրս եք գալիս քաղաքականությունից»։