Կոալիցիա կկազմեմ ցանկացած քաղաքական ուժի հետ, բացի ՔՊ-ից և «Եվրադաշինքից». Կարեն Սիմոնյան

«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանն այսօր հայտարարել է, որ նորընտիր ավագանիում իրենց քաղաքական ուժը պատրաստ է կոալիցիա կազմել մյուս բոլոր ուժերի հետ, բացի «Քաղաքացիական պայմանագրից» և «Եվրադաշինքից»։ «Մայր Հայաստանն» ընտրություններում ներկայանում է Գյումրիում ազատ տնտեսական գոտու ստեղծման և հարկային ռեժիմի թեթևացման ծրագրով։ Անցկացրել են ստորագրահավաք, նրանց առաջարկն արժանացել է ավելի քան 7700 գյումրեցու հավանությանը։
Այս նախաձեռնությունը որքան էլ որ կարևոր է Գյումրու համար, այդուհանդերձ, ոչ մեկը երաշխիք չունի, որ իշխանություններն այն իրագործելի կդարձնեն ու դեպի Գյումրի ներդրումների հոսքեր կապահովվի։ Իսկ Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանի նախընտրական ամբողջ ծրագրի իրականացման ֆինանսական հոսքերի մեծ մասն ակնկալվում է ազատ տնտեսական գոտու ներդրումներից։
Եվ այսպես, ըստ թեկնածուի, առաջիկա 5 տարում Գյումրիում անբարեկարգ փողոց չպետք է լինի, տեղեկատվական տեխնոլոգիաների ներգրավմամբ Գյումրին պետք է դառնա «խելացի քաղաք», պետք է վերականգնվի նախկին Երկաթուղայինների մշակույթի պալատի շենքը, վերանորոգվի Սավոյան փողոցի շատրվանը և այլն։
Այս ծրագրերի իրագործման համար հսկայական գումարներ են պետք, որոնք նա մտադիր է գտնել հարկերից ազատված Գյումրիում կատարվող ներդրումներից։ Բայց բազմաթիվ են Գյումրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին նախկինում ձախողված նախաձեռնությունները։
Կարեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում խոսեց նաև թեկնածուների կողմից արվող սոցիալական հարցումների մասին, որոնցից որոշները շինծու համարեց։