Կոմկուսի նախընտրական ծրագրում կետեր են, որոնք Վարդան Ղուկասյան քաղաքապետը կարող էր իրականություն դարձնել դեռ 20 տարի առաջ

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել 4 ու կես էջից բաղկացած նախընտրական ծրագիր, որի 1 էջից ավելի նախաբանը պատմում է 70 տարիների ընթացքում Կոմկուսի ղեկավարությամբ Սոցիալիստական Հայաստանի ձեռք բերած նվաճումների մասին։ Ըստ նախընտրական ծրագրի, հիմա Կոմկուսը Գյումրիում գնում է ավագանու ընտրությունների, նպատակ ունենալով «առավելագույնս նպաստել Գյումրի քաղաքում սոցիալ-տնտեսական և հոգևոր կյանքի վերածննդին», որում, կոմունիստների ներկայացմամբ՝ «իր երկարամյա կառավարման շրջանում անուրանալի ներդրում է ունեցել Վարդան Ղուկասյանը»։
Թե ինչո՞ւ է 70 տարի շարունակ աթեիզմ քարոզող Կոմկուսը հիմա իր ընտրացուցակով Գյումրու արտահերթ ընտրություններում մասնակցության համար քաղաքապետի թեկնածու ընտրել ամեն խոսքում Աստվածաշնչից մեջբերումներ անող Վարդան Ղուկասյանին, այդպես էլ որևէ բացատրություն չի հնչել։
Իսկ նախընտրական ծրագրով Կոմկուսն առաջ է քաշում այնպիսի խնդիրներ, որոնք Վարդան Ղուկասյանը լուծել կարող էր դեռ 20 տարի առաջ՝ իր քաղաքապետ եղած տարիներին։ Օրինակ՝ աջակցել ծայրամասերում կառուցված քարաշեն տնակների օրինականացմանը, գույքագրել անտերության մատնված քաղաքապատկան հողերը, քաղաքային բյուջեն ավելացնել՝ ապօրինի շինությունների օրինականացման հաշվին ու նաև քաղաքային տրանսպորտի աշխատանքը երկարացնել՝ ժամը 07:00-22:00։
Ծրագրով խոստանում են օրինականացնել քաղաքացիների՝ տարիներով ձգձգվող ավարտական ակտերն ու շինթույլտվությունները, հաստատել հատուկ ծրագիր՝ ուղղված «Կումայրի արգելոց»-ի բոլոր վտանգված շենքերի վերակառուցմանը՝ զգաստացնելով և պարտավորեցնելով սեփականատերերին ամրացնելու սեփական անշարժ գույքը մինչեւ սահմանված վերջնաժամկետը և այլն։
Վարդան Ղուկասյանը Գյումրու քաղաքապետն է եղել 1999 թվականից մինչև 2012 թվականը։ Նրա ղեկավարության օրոք «Կումայրի արգելոց թանգարանը» որպես կազմակերպություն լուծարվեց ու քաղաքապետարանում 2 աշխատող ունեցող բաժնի վերածվեց։ Այն ժամանակ ոչ ոք չէր խանգարում Վարդան Ղուկասյանին վտանգված պատմամշակութային շենքերի վերակառուցման հատուկ ծրագիր մշակել ու այն կյանքի կոչել։
Նրա նախընտրական ծրագրում նշված է՝ «Քաղաքապետարանում հիմնել «Ներդրումների ուղղորդման խորհրդատվական բաժին»՝ այդ բաժնում ներգրավելով տվյալագետների, տնտեսագետների և ֆինանսական վերլուծաբանների»: Ի դեպ, այս խնդրով, հասարակական կազմակերպությունները քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ժամանակին շատ են դիմել, բայց արդյունք չի եղել։
Կոմկուսը իշխանությունը ստանձնելու դեպքում առաջ է քաշելու Գյումրին ազատ տնտեսական գոտի դարձնելու օրակարգը։ Սա նոր դրույթ չէ Գյումրու նախընտրական ծրագրերում։ 25 տարուց ավելի խոսվում է այս մասին, բայց երկրի իշխանությունը նախաձեռնությանը օրենքի ուժ չի տալիս։ Ի դեպ, Գյումրու ավագանու ընտրություններին մասնակցող մեկ այլ ուժ ՝ «Մայր Հայաստանն» էլ է իր նախընտրական ծրագրով առաջարկում Գյումրին ազատ տնտեսական գոտի դարձնել։
Կոմկուսը կառավարության առջև խնդիր է դնելու՝ գյումրեցիներին հատկացնել աշխատավարձի հավելավճար՝ որպես բարձրլեռնային գոտու բնակիչների։ Այս խնդիրը նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը երբևէ չի բարձրացրել։
Մեկ այլ ծրագրային դրույթով էլ նախատեսվում է «Լինսի հիմնադրամ»-ի կողմից կառուցված բազմաբնակարան շենքերին ավելացնել ևս մեկ հարկ՝ անօթևան ընտանիքներին բնակարաններով ապահովելու կամ այդ բնակարանների վաճառքի միջոցով քաղաքապետարանի բյուջեն ավելացնելու համար: Նկատենք, որ նման առաջարկություն անելով, ծրագրում մի տող չկա՝ արդյոք հեղինակը մասնագիտական ուսումնասիրություն իրականացրե՞լ է՝ 20 տարվա շենքերը 10 բալանոց սեյսմակտիվ գոտում կդիմանա՞ն ևս մեկ հարկի ծանրությանը։ Ժամանակին, դրանց շինարարության ժամանակ չէր թույլատրվում 4 հարկից բարձր կառուցել։
Ծրագրով քաղաքաշինության ոլորտում մեկ այլ ուշագրավ առաջարկություն այս ուժից՝ «Կենտրոնական գոտում գտնվող շենքերի կտուրները վերածել մանսարդային հարկերի՝ ապա վաճառել դրանք կամ օրավարձով հանձնել զբոսաշրջիկներին՝ քաղաքապետարանի համար եկամուտ ապահովելով»։
Կառուցված շենքերին ինքնակամ հարկեր գցելու, մանսարդներ կառուցելու վատ «սովորույթը» ոչ հեռավոր 2000-ից է գալիս, մայրաքաղաք Երևանում ու այլ քաղաքներում բարձրահարկ շենքերի տանիքներին համատարած մանսարդներ էին կառուցում։
Հաջորդ դրույթով նախատեսվում է «վերականգնել կամ կառուցել ստորգետնյա անցումներ՝ քաղաքի բանուկ ճանապարհահատվածներում, դրանցում առանձնացնել կոմերցիոն տաղավարներ վարձակալությամբ տրամադրելու համար։ Նախաձեռնությունը ոչ միայն լուծում է երթևեկության խնդիրը, այլև դառնում է եկամտի աղբյուր քաղաքապետարանի համար»։:
Բայց հիշեցնենք, Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման օրոք քաղաքի ստորգետնյա անցումները կեղտոտ ու անմխիթար վիճակում էին, քաղաքապետարանը պատրաստ էր այդտեղի տարածքներն անվճար տրամադրել տնտեսվարողներին, բայց վերցնողներ չէին գտնվում։ Դրանք հիմա էլ չկան։
«Համագործակցել Ռուսական «102» ռազմաբազայի հետ՝ Մարմաշենի խճուղու սկզբնամասում տեղակայված և նրա պատկանելության տակ գտնվող կիսակառույց բազմաբնակարան շենքերի շինարարությունը ավարտին հասցնելու և անօթևան ընտանիքներին բնակարաններով ապահովելու համար»։ Սա նույնպես նախկին տարիներից եկած անլուծելի խնդիրներից է, խնդրին քաղաքական ուժի մոտեցումն էլ ոչնչով տարբերվող չէ։
«Վերջնականապես լուծել թափառող շների մեկուսացման հարցը՝ քաղաքին հարակից տարածքում դրանց համար հավաքակայան-կացարան կառուցելով»․թափառող շների խնդիրը Կոմկուսն այսպես է պատկերացնում։
Կոմկուսն առաջարկում է «հիմնել ռազմամարզական արտադպրոցական վարժարան բոլոր տարիքային խմբերի համար՝ սաներին պատրաստելով ԱԹՍ-ների կառավարման, մարտավարության և կրակային պատրաստության մեջ՝ համագործակցելով ռազմամարզական կազմակերպությունների հետ»:
Ծրագրով «նախատեսվում է քաղաքապետարանի անունից ձեռք բերել բազալտի արդյունահանման հանք Շիրակի մարզում և հիմնել բազալտե սալաքարերի արտադրման քաղաքապատկան գործարան՝ օգտագործելով սեփական հանքից արդյունահանված բազալտը։ Սալաքարերով բարեկարգել Գյումրու «Կումայրի արգելոցի» և վերականգնման կարիք ունեցող այլ փողոցներ և մայթեր՝ երկարացնելով դրանց կյանքն ու տնտեսելով հարյուր-միլիոնավոր դրամներ»։
Քաղաքական ուժը մտադիր է Գյումրիում վերականգնել քաղաքային միջոցառումները՝ երեխաների պաշտպանության օր, Վերջին զանգ, Հրաժեշտ մանկապարտեզին, Գալա համերգ՝ երաժշտական դպրոցների սաների մասնակցությամբ, Ոսկե աշուն, Շիրակի ձմեռ, Բագրատունյաց օր, Ազգային երգ ու պարի փառատոն, Իսահակյանական և Շիրազյան տոնախմբությունները: Սրանք այն միջոցառումներն են, որոնց հիմքը Գյումրիում դրվեց Վարդան Ղուկասյանի օրոք։
Կարինե Կազարովա