«5 տարի ծառայելու եմ, կեղեքելու և տանջելու եմ ինձ, հասնելու եմ այն նպատակին, որ մեր Գյումրին վերջապես շտկի մեջքը»․Արտյոմ Թումանյան

Գյումրու քաղաքապետի թեկնածու Արտյոմ Թումանյանն այսօր ընտրողներին խոստացել է՝ եթե ընտրվի՝ ‹քաղաքատեր›› կամ ‹‹քաղաքակեր›› չի լինի, ասաց նաև՝ հեղափոխությունը սկսվել է Գյումրիից և Գյումրիում էլ պետք է ավարտվի
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող «Հայաստանի աշխատավորական–սոցիալիստական» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտյոմ Թումանյանն այսօր քարոզարշավի էր Անի թաղամասում: Այստեղ քարոզարշավը մարդաշատ չէր։
Հանդիպումը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատերազմում նահատակված բոլոր գյումրեցիների:
Անդրադառնալով քաղաքապետի ընտրություններում առաջադրվելու իր որոշմանը, Թումանյանն ասաց, որ դա անում է կանխելու գալիք արհավիրքը․«Փոքրիկ Գյումրիում կա քաղաքապետի 9 թեկնածու, այնինչ Ամերիկայում թկնածուները ընդամենը երկուսն են: Դա խոսում է այն մասին, որ պլանավորած ծրագիր կա Գյումրիից սկսել ամբողջ հանրապետության տարածքում սպասվող հեղաշրջումը: Հենց սա է գլխավոր պատճառներից մեկը, որ ես ուզում եմ գալ և կանխել այն գալիք հրաբուխը, որը կախված է Գյումրու գլխին››:
Նրա խոսքով՝ Գյումրիում ընտրություններին մասնակցող թեկնածուների 80 տոկոսը ‹‹Հանրապետական›› կուսակցության ներկայացուցիչներ են, և միակ այլընտրանքային թեկնածուն ինքն է, ով պայքարում է մնացած բոլորի դեմ, իր ձևակերպմամբ՝ գյումրեցիների անունից և գյումրեցիների որոշմամբ:
Թումանյանը հաճախ է խոսում, թե ինչու է այս կուսակցությամբ առաջադրվել, այս անգամ էլ կրկնեց՝ հենց այս կուսակցության անդամ է եղել Կարեն Դեմիրճյանը, ով ոգեշնչել է իրեն, և նա հանուն արդարության պատրաստ է գնալ նրա ճանապարհով, իր խոսքով՝ պատրաստ է մինչև անգամ գնդակահարվել:
Նա խոսեց նաև հեղափոխությանն իր ակտիվ մասնակցության մասին, ասաց, որ հետագայում իշխանությունն անպարկեշտ վերաբերմունք է ցուցաբերել գյումրեցու, հատկապես պատերազմում զոհվածների հարազատների հանդեպ․«‹Ես մեկ առ մեկ մտնում եմ բոլորի տները, ծնողների գլուխները սեղմում եմ կրծքիս, փորձում եմ փարատել, բայց սա շատ դժվար բան է: Աստծո օրհնությամբ, եթե դուք ինձ տաք ձեր քվեն և ես լինեմ քաղաքապետ, ես չեմ լինելու ձեզ համար ‹‹քաղաքատեր›› կամ ‹‹քաղաքակեր››, լինելու եմ ձեր խոնարհ ծառան, ծառայելու եմ իմ ժողովրդին 24 ժամ: Հեղափոխությունը սկսվել է Գյումրիից և Գյումրիում էլ պետք է ավարտվի››:
Արտյոմ Թումանյանը հավաքվածներին նրկայացրեց իր նախընտրական ծրագիրը, վստահեցնելով՝ ընտրվելու դեպքում իրենց քաղաքական ուժը կոալիցիա չիկազմելու որևէ այլ կուսակցության հետ:
Քաղաքապետի թեկնածուն հիշեց նաև ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանին ու նրա հայտարարությունները, երբ 2021 թվականին «Հայրենիքի փրկության շարժման» մասնակիցների մուտքը Գյումրի մի խումբ քաղաքացիներ փակել էին․«‹Հիշեք էն օրը, երբ մի անվերահսկելի ծերուկ եկավ, կանգնեց Գյումրու մուտքի մոտ, և ասաց, որ շիրակցիները, գյումրեցիները բոմժեր են: Որևէ թեկնածու չկար, որ իրեն ասեր, բոմժը դու ու քո ընտանիքն եք, Վազգեն Մանուկյան, բացի Արտյոմ Թումանյանից ու էս ժողովրդից: Երբ մեզ թուրքեր էին անվանում, ասում էին՝ ազգի 50 տոկոսը թուրքեր են, որևէ մարզպետ, քաղաքապետ կամ պատգամավոր պատասխանը տվեցին, ո´չ: Որովհետև 5 տարին մեկ են գալիս մեր ազգը փրկելու, բայց հետաքրքիր է, թե ումից››:
Արտյոմ Թումանյանը հավաքվածներին հորդորեց իրեն ընտրել, քանի որ իրեն չի խնայի Գյումրին զարգացնելու համար․«Եթե ձեր ձայնը տաք 5-րդ համարին՝ Արտյոմ Թումանյանին, իմացեք, որ հինգ տարի ծառայելու եմ, կեղեքելու և տանջելու եմ ինձ, և հասնելու եմ այն նպատակին, որ մեր Գյումրի քաղաքը վերջապես շտկելու է իր մեջքը: Ես դա ձեզ խոստանում եմ››:
Նիկոլ Մարգարյան