«Անկախ դիտորդ»․Սարիկ Մինասյանը, Մարտուն Գրիգորյանը, «Մայր Հայաստանը» խախտումներ են թույլ տվել | Region

«Անկախ դիտորդ»․Սարիկ Մինասյանը, Մարտուն Գրիգորյանը, «Մայր Հայաստանը» խախտումներ են թույլ տվել

Մարտ 24,2025 11:44

«Անկախ դիտորդ» դաշինքը (կազմում՝ «Ուղղակի ժողովրդավարություն», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ներ) երկարաժամկետ դիտորդություն է իրականացնում 2025 թ. մարտի 30-ին Գյումրի և Փարաքար համայնքներում կայանալիք ՏԻՄ ընտրություններին, որի ընթացքում մինչ օրս արձանագրվել են մի շարք խնդիրներ: Մասնավորապես՝

Մարտի 13-ին և 14-ին «Մեր քաղաքը» դաշինքը ղեկավարող Մարտուն Գրիգորյանը հրապարակել է տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչպես է իր անունից Գյումրիի փողոցներում անվճար խճապատում (շիբինապատում) արվում: Սա, ըստ էության, հանդիսանում է ընտրողներին անվճար ծառայության մատուցման, բարեգործության և քարոզչության մեկտեղում: Քանի որ նշվածը քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածով նախատեսված արարք է, դաշինքը դիմել է դատախազություն՝ քրեական վարույթ հարուցելու և Մարտուն Գրիգորյանի գործողություններին քրեաիրավական գնահատական տալու պահանջով:

Մարտի 16-ին հայտնաբերվեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի հեռացրել նախքան նախընտրական քարոզարշավի ֆորմալ ժամանակահատվածը փակցված առնվազն 5 «բիլբորդերը», որոնք, քարոզարշավի ժամանակահատվածում, պետք է լինեն միայն ըստ ԿԸՀ կողմից կատարված վիճակահանությամբ՝ բոլոր քաղաքական ուժերի համար հավասար հնարավորություններ ընձեռելով: Ավելին, հայտնաբերվեցին նաև ՔՊ-ի մի քանի տասնյակ և «Մեր քաղաքը» դաշինքի մի քանի հատ այլ մեծ պաստառներ, որոնք օրենքի խախտմամբ փակցված են բազմաբնակարան շենքերի վրա: Քանի որ նշվածը հանդիսանում է Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի, համապատասխանաբար, 6-րդ և 2-րդ մասերի խախտում, դաշինքը դիմել է Գյումրիի համայնքապետարան և ԿԸՀ` օրենքի խախտմամբ փակցված պաստառները ժամ առաջ հեռացնելու պահանջով:

Մարտի 19-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հանդիպում է կազմակերպել ցուցակը գլխավորող Սարիկ Մինասյանի հետ, որին հրավիրվել էին տաբեր հարցերով քաղաքապետի ժ/պ Սարիկ Մինասյանի հետ հանդիպման համար Գյումրիի համայնքապետարանում հերթագրված անձինք (որոնք էլ մեզ ահազանգել են այդ մասին): Այսինքն, Սարիկ Մինասյանը, ըստ այդ տվյալների, չարաշահելով քաղաքապետի ժ/պ լինելը, օգտագործել է քաղաքապետարան դիմած քաղաքացիների անձնական տվյալները (հեռախոսահամարները) նախընտրական հանդիպման կանչելու համար: Նշված ահազանգը վկայում է Ընտրական օրենսգրքի և «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի մի շարք նորմերի խախտումների մասին: «Անկախ դիտորդը» դիմելու է ԿԸՀ և ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն՝ ենթադրյալ արարքը կատարած անձանց ՎԻՎՕ, համապատասխանաբար, 40.8 հոդվածի 2-րդ և 189.17 հոդվածի 1-ին մասով տուգանելու պահանջով:

Մարտի 21-ին «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հայ-ռուսական տնտեսական համաժողով, որի ժամանակ Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) Պետական դումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավոր Օլեգ Մատվեյչևը հայտարարել է, որ Գյումրու ընտրությունները ՌԴ-ի համար ռազմավարական նշանակություն ունեն և որ ՌԴ-ի իշխող ուժը սատարում է «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքին։ Նկարագրվածի մասին «Անկախ դիտորդ» և «Ականատես» առաքելությունները հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ ընդգծելով այդ քայլի անօրինականությունն ու երկրի ներքին գործերին միջամտող բնույթը: Նշվածի մասին «Անկախ դիտորդը» դիմելու է ԿԸՀ՝ պահանջելով տուգանել «Մայր Հայաստան» դաշինքի քարոզչությանը միացած օտարերկրացիներին՝ ՎԻՎՕ 40.8 հոդվածի 2-րդ մասին համապատասխան:

Հ.Գ. Հարկ է առանձին հայտնել, որ «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի երեք կազմակերպությունները կուսակցությունների և դաշինքների առաջադրման փուլում արձանագրել են, որ դաշինքի գործընկեր և նախկինում համատեղ դիտորդական առաքելություն իրականացրած «Գյումրու առաջընթաց» ՀԿ-ն որոշակի փոխկապակցվածություն ունի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մեկի հետ, որի մասին դաշինքի մյուս կազմակերպությունները չէին տեղեկացվել: Կարևորելով առաքելության և դիտորդի վարքագծի կանոնները և «Անկախ դիտորդի» անաչառության հանրային ընկալումը՝ ընդգծում ենք, որ «Գյումրու առաջընթաց» ՀԿ-ն ներգրավված չէ դաշինքի կողմից իրականացվող դիտորդական առաքելության մեջ:

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինք, ի դեմս՝

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի»,

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի և

«Ուղղակի Ժողովրդավարություն» ՀԿ-ի

Նորություններ