Խայտառակություն և վնաս. ՈւԵՖԱ-ն կարող է պատժել Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիային

Վրաստան-Հայաստան ՈւԵՖԱ Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղից հետո վրացի երկրպագուները նետել են առարկաներ հայ երկրպագուների ուղղությամբ, ինչը մեծ աղմուկ է առաջացրել թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում:
Վրացական կողմը խստորեն քննադատել է «երիտասարդների խմբի» գործողությունները՝ ընդգծելով, որ հայերի նկատմամբ նման վարքագիծը անընդունելի էր։
Երկրորդ խաղից առաջ հաղորդում էինք, որ Երևանից սպասվում էին հայ երկրպագուներ, ովքեր ջերմ ընդունելության արժանացան առաջին հանդիպման ժամանակ:
«Սակայն որոշ «երկրպագուներ» խաթարեցին այդ ուրախությունը: Թբիլիսիում կայացած պատասխան խաղից հետո երիտասարդների խումբ ներխուժեց դաշտ, վիրավորեց հյուրերին և առարկաներ նետեց նրանց ուղղությամբ: Իսկական երկրպագուները «ամոթ, ամոթ» էին բղավում, բայց խուլիգանները չէին հասկանում վրացական հյուրասիրության ավանդույթները:
Խնդիրը նաև այն էր, որ բազմաթիվ տոմս չունեցող մարդիկ շատ հանգիստ մուտք էին գործել մարզադաշտ: Կազմակերպիչները չկարողացան ապահովել կարգ ու կանոն, և միայն ոստիկանության շնորհիվ հնարավոր եղավ կանխել լուրջ բախումները»,- գրում է վրացական մամուլը։
Այժմ կա վտանգ, որ ՈւԵՖԱ-ն կարող է պատժել Վրաստանին՝ հաջորդ պաշտոնական խաղը Թուրքիայի հետ սեպտեմբերի 4-ին անցկացնելով առանց հանդիսատեսի:
Հիշեցնենք, որ անցյալ տարի ՈւԵՖԱ-ն Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանել էր 56 հազար եվրոյով՝ Ալբանիայի հետ խաղում տեղի ունեցած խախտումների համար: