Գունագեղ, մշտական տոնական տրամադրություն, ծխախոտն ու ալկոհոլը, սննդի խանութներն առանց տեղական տուրքերի․երգիչ քաղաքապետի թեկնածու Արտյոմ Թումանյանի նախընտրական ծրագիրը | Region

Գունագեղ, մշտական տոնական տրամադրություն, ծխախոտն ու ալկոհոլը, սննդի խանութներն առանց տեղական տուրքերի․երգիչ քաղաքապետի թեկնածու Արտյոմ Թումանյանի նախընտրական ծրագիրը

Մարտ 24,2025 20:05

Գյումրու քաղաքապետի թեկնածու, երգիչ Արտյոմ Թումանյանն իր նախընտրական ծրագրով խոստանում է՝ ընտրվել ու դեպքում Գյումրին կդարձնի լուսավոր ու գունագեղ քաղաք, Գյումրիում կտիր մշտական տոնական տրամադրություն։

Սոցցանցերում հայտնի ֆայտոնով շրջող իր նախընտրական որոշ օգտատերերի գնահատմամբ՝ զվարճալի հոլովակի հերոսը՝ Արտյոմ Թումանյանը թեև ծրագրում չի մանրամասնում, թե ինչպես է ապահովելու գյումրեցիների մշտական տոնական տրամադրությունը, իր երգերո՞վ, թե՞ այլ մտադրություններ ունի, բայց ծրագրով խոստանում է՝ վերացնել Գյումրիի 300 (թիվը ծրագրում է նշված, հեղ․) սննդի խանութների, ծխախոտի և ալկոհոլի տեղական տուրքերը:

Ինչպես ասում են՝ «կեր, խմի, քեֆ արա շարունակ, աշխարհը խալի է ոտքիդ տակ»։

Արտյոմ Թումանյանն առաջադրվել է «Հայաստանի Աշխատավորական Սոցիալիստական Կուսակցության» կողմից, «Գյումրեցու որոշումը» կարգախոսով։

Այս ուժի նախընտրական ծրագիրը բաղկացած է 14 կետից, մյուս թեկնածուների ծրագրերի հետ ընդհանրություններ կան, ինչպես մյուսները, այս ուժն էլ խոստանում է լուծել անօթևանների, աղբահանության, քաղաքաշինության խնդիրները։ Ինչպե՞ս, ծրագրում չի մանրամասնվում։ Այսպես է նաև քաղաքապետի գրեթե բոլոր թեկնածուների ծրագրերում։

Արտոմ Թումանյանը խոստանում է՝ ընտրվելու դեպքում առաջնահերթ լուծելու է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած գյումրեցիներին բնակարաններով ապահովելու հարցը։  Նաև, ըստ ծրագրի, բարեկարգվելու են քաղաքի բոլոր շենքերի բակերը:

Իրենց նախընտրական խոստումներից մեկն էլ քաղաքապատկան բոլոր մանկապարտեզներն ու մարզադպրոցները դարձնել անվճար:

Նախատեսվում է լուծել քաղաքում առկա 180 ( թիվը ծրագրում է նշված, հեղ․) փողոցների ասֆալտապատման խնդիրը:

Նախընտրական ծրագրում գրված է, որ կուսակցության նպատակն է Գյումրի քաղաքի համաչափ զարգացումը է, այդ ուղղությամբ նախատեսում են  բարեկարգել  նաև քաղաքի ծայրամասային հատվածների փողոցները: Մուշ թաղամասի բնակիչների համար կառուցվելու են փակ ավտոկայանատեղիներ, իսկ Բուլվարային թաղամասի բարձրահարկ շենքերի վերելակները վերականգնվելու են:

«Քաղաքում կառուցվելու են բազմաբնակարան շենքեր, ընդհանուր առմամբ՝ Գյումրիում հաշվառված 280 անօթևան ընտանիքները բնակարաններով ապահովելու են 3 տարվա ընթացքում»,-նշված է ծրագրում։

Իրեն միակ «այլընտրանքային» թեկնածու համարող Արտյոմ Թումանյանը տաքսիստներին չի մոռացել՝ ի տարբերություն մյուս թեկնածուների, խոստանում է վերացնել Գյումրիում գրանցված տաքսի ծառայության վարորների գույքահարկը։

Իսկ պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց կամ զոհված զինվորների ծնողների համար, ըստ ծրագրի, տրանսպորտն անվճար կլինի։

Նախընտրական ծրագրով նախատեսված է աղբի վերամշակման գործարան կառուցել:

Այս ուժի նախընտրական ծրագրում մի ուշագրավ, նույնիսկ անհասկանալի ձևակերպում կա՝ Գյումրու սփյուռք։ Եվ ահա Թումանյանը խոստանում է՝  «ստեղծվելու են աշխատատեղեր Գյումրու սփյուռքի ներդրողների կողմից»:

Բացի այս, ծրագրով այս ուժը նախատեսում է «նվազագույնը մեկ տարով երկարացնել Գյումրիում ինքնաշեն կառույցների սեփականաշնորհման գործընթացը, զարգացնել Գյումրու տուրիզմը, քաղաքի մշակութային պատմությունը»։

Հիշեցնենք, Գյումրու քաղաքապետի ընտրությունները մարտի 30-ին են, «Հայաստանի »շխատավորական սոցիալիստական կուսակցություն»-ը քվեաթերթիկում  5-րդ համարն է։

Նիկոլ Մարգարյան

Նորություններ